ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Սթիվեն Միլլերը վիրավորանքների է բախվել ռեստորանում իր համար ընթրիք գնելուց հետո, հայտնում է Washington Post-ը:
Պարբերականը հայտնում է, որ մի անգամ երեկոյան Միլլերը մտել է իր տանից ոչ հեռու գտնվող ռեստորան եւ 80 դոլարի սուշի է պատվիրել հետը տանելու համար: Երբ նա պատվերը վերցրել է եւ դուրս եկել, ռեստորանի աշխատակիցը հետեւել է նրան եւ հրապարակավ վիրավորել, այնուհետեւ ցույց է տվել 2 միջնամատները:
Պարբերականի տեղեկություններով՝ հետագայում Միլլերը գործընկերներին պատմել է, որ սարսափելի զայրացած էր եւ սուշին դեն է նետել՝ վախենալով, որ ռեստորանում ինչ-որ մեկը թքել է դրա մեջ կամ սնունդը թունավորել:
Սա առաջին դեպքը չէ, երբ Սպիտակ տան գործող կամ նախկին աշխատակիցներին վիրավորում են: Պարբերականը հայտնում է, որ անցյալ շաբաթ Թրամփի՝ ռազմավարական հարցերով նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնը գրքեր է զննել Ռիչմոնդի անտիկվար գրախանութում, երբ մի կին սկսել է նրան ուղղված վիրավորանքներ բղավել: Խանութի տերը կնոջը խնդրել է հեռանալ, այլապես սպառնացել է ոստիկանություն կանչել:
Հետագայում հրաժարական ներկայացրած ԱՄՆ Շրջակա իջավայրի պահպանության գործակալության (EPA) ղեկավար Սքոթ Պրյուիտին, որը սրճարանում ճաշում էր իր օգնականի հետ, մի կին է մոտեցել եւ հայտարարել, թե նա պետք է պաշտոնը թողնի:
Հուլիսին ցուցարարների բազմությունը հետապնդել է մեքսիկական ռեստորան ուղղվող ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիսթեն Նիլսենին՝ արտահայտելու իր դժգոհությունը ապօրինի միգրանտների ընտանիքներին բաժանելու կապակցությամբ: «Ամոթ»՝ բղավել են ցուցարարները, մինչ Նիլսենը նստած էր սեղանի մոտ:
Վերջերս էլ Վիրջինիայում Red Hen ռեստորանի տիրուհին Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին խնդրել է հաստատությունը լքել՝ ականջալուր լինելով իր աշխատակիցների խնդրանքներին:





























