21-րդ դար: Տեխնոլոգիաների դարաշրջան: Այն ամենը, ինչի մասին մեր նախնիները չէին կարող երազել, այժմ հնարավոր է: Հեռախոսներ, համակարգիչներ, լրացված իրականություն, որը դեռ նոր է սկսել զարգանալ եւ վերջապես ամենաանիրականը՝ վիրտուալ իրականություն:
Սոցիալական անարդարության բացակայություն, հայկական գյուղից երեխայի համար առանց տանից դուրս գալու եվրոպական մակարդակի կրթություն ստանալու հնարավորություն: Դուք երբեւէ երազե՞լ եք թրոլլների դեմ հաղթանակի, ամրոցի գրավման, տարբեր մոլորակներում նախաճաշելու, ճաշելու եւ ընթրելու մասին: Այժմ մենք կարող ենք հայտնվել այնպիսի վայրերում, որտեղ չենք եղել եւ հնարավոր է, երբեք չլինենք:
Վիրտուալ իրականությունը եւ հայկական VR շուկայի միտումները հասկանալու հարցում մեզ օգնեց ARLOOPA եւ X-TECH ընկերությունների տնօրեն Արման Աթոյանը:
«Այժմ VR սարքերն ավելի հասանելի են, քան մի քանի տարի առաջ, թեւ զանգվածային բնույթ չեն ստացել: Դրանք հիմնականում գնում են խոշոր ընկերությունները կամ պարզապես հարուստ մարդիկ եւ օգտագործում են բիզնեսի եւ նոր արտադրանքի ստեղծման համար: VR տեխնոլոգիաները շուկայում ավելի մեծ պահանջարկ կունենան, երբ առօրյա կյանքում անհրաժեշտ լինեն: Հետագայում, ասենք, առաջիկա 5 տարում, դրանք կարող են արմատապես փոխել հասարակության կյանքի շատ ոլորտները՝ կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը: Ենթադրենք, դուք ցանկանում եք արձակուրդներին որեւէ տեղ գնալ եւ չեք ընտրել հանգստի վայրը, հագնում եք VR ակնոցը եւ նայում եք՝ ինչն է ձեզ դուր գալիս, ինչը՝ ոչ: Կամ եթե ցանկանում եք տրակտոր վարել սովորել, բայց չունեք մեքենա, ապա կարող եք վիրտուալ իրականությունում վարելու որոշակի փորձ ձեռք բերել:
Համաժողովին գնալու համար մենք ոչ թե 12 ժամ կծախսենք, այլ 2 րոպե՝ ակնոցը կրելով: Պատկերացրեք, դուք քնում եք Երեւանում եւ արթնանում եք, ասենք, Նյու Յորքում: Ամեն ինչ այնքան իրական է լինելու, որ դուք հիշելու եք ամեն մի դետալը: VR տեխնոլոգիաները կօգնեն նաեւ հեշտացնել սահմանափակ հնարավորություններով մարդկանց տեղափոխությունը:
Պարզ օրինակ բերեմ: Պատկերացրեք, ինչ-որ խուլ հայկական գյուղում, որտեղ հնարավոր է, անգամ դպրոց չկա, ապրում է մի երեխա, որը շատ է ցանկանում սովորել: Եթե նա լիովին խորասուզվելու հնարավորություն ունենա, ապա կկարողանա վիրտուալ դասարանում, օրինակ լեզուներ սվորել: Նա կկարողանա այլ երեխաների հետ սովորել, եթե իր գյուղում այդ հնարավորությունը չկա: Դա հզոր խթան կդառնա կրթության ոլորտում:
Բայց իհարկե, մեդալն ունի նաեւ հակառակ կողմը: Հասարակությունը կփլուզվի, եթե մարդիկ սկսեն մեկուսանալ: Կգա ժամանակ, երբ մարդու համար միեւնույն կլինի ինչպիսին է իր տունը, ինչ է նա հագնում եւ ուտում, նրա համար կարեւոր կլինի միայն էլեկտրասնուցման վարդակը, որպեսզի կարողանա հայտնվել իր ստեղծած աշխարհում, որտեղ ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ինքն է ուզում: Մարդը կդառնա վարդակին միացված արարած:
Մի անգամ ֆեյսբուքում գրեցի, որ ամենաիրական վիրտուալ իրականությունը մեր երազներն են: Քնեցինք, արթնացանք, ինչ-որ տեղ գնացինք, խոսեցինք ինչ-որ մեկի հետ եւ հենց այդ պահին մենք չենք գիտակցում՝ դա իրականություն է, թե ոչ:
VR-ն այժմ երեխա է: Նա քիչ բան է կարողանում՝ չի խոսում, անգամ հաց չի կարող գնել: Նրան ժամանակ է պետք: Այն պետք է աճի, սովորի, ուստի պետք չէ հենց սկզբից թերահավատորեն վերաբերվել նրան:
Ի՞նչն է դանդաղեցնում VR-ի զարգացումը: Նախեւառաջ աղքատ շուկան: VR-ով հետաքրքրվածները հիմնականում երիտասարդներն են, որոնք չունեն մեծ ֆինանսական հնարավորություններ, հետեւաբար գնորդը ցածր գներով բարձր որակ է ուզում. այդպես չի լինում: Ընկերությունները հետեւյալ տրամաբանությունն ունեն՝ինչու համար միջոցներ ծախսել, եթե դա չեն գնելու: Դրա համար սպառողները քիչ են, գաջեթները քիչ են եւ կոնտենտն էլ նույնպես քիչ է: Բայց ով գիտի, միգուցե ինչ-որ անսպասելի մի բան կլինի, նոր սոցիալական հարթակ կհայտնվի, ինչի համար մարդիկ կգնան եւ կգնեն VR գաջեթները»:
Ռայա Խաչատրյան
Անի Հովհաննիսյան





























