UNIVERSITAS Austria թարգմանիչների ավստրիական միության նախագահ Դագմար Յեները քննադատել է ԱՄՆ կոնգրեսականների մտադրությունը լսումներին կանչել Հելսինկիում ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի գագաթնաժողովի թարգմանչուհի Մարինա Գրոսին, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Նրա խոսքով՝ այդ առաջարկը լուրջ մտահոգություն է առաջացնում եւ վնասում է մասնագիտական էթիկային։
«Գաղտնիություն եւ անկողմնակալություն՝ սրանք մեր մասնագիտության անբաժանելի մասն են»,–նշել է թարգմանիչների ավստրիական միության նախագահը։
Նա հավելել է նաեւ, որ ի տարբերություն իրավաբանի պարտականությանը՝ պահպանել գաղտնիքը, ապա իրենց մասնագիտության պարագայում դա գրված չէ օրենքով։
Դագմար Յեները նկատել է, որ Ավստրիայում նման պրակտիկա, որ թարգմանիչին կանչեն Ավստրիայի խորհրդարանի հատուկ կոմիտեի առաջ հարցաքննության, չի եղել։ Հակառակ պարագայում՝ թարգմանիչի ցանկացած խոսք կարող է պատվի վարքականոնի խախտում համարվել։
UNIVERSITAS Austria թարգմանիչների ավստրիական միությունը միավորում է այս մասնագիտության ավելի քան 800 ներկայացուցիչների, եւ Ավստրիայում թարգմանչական գիտության գործիչների խոշորագույն միավորումն է համարվում։
Ավելի վաղ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամները պահանջել են, որ թարգմանիչը, որը ներկա է եղել Պուտինի եւ Թրամփի բանակցություններին, ցուցմունք տա Կոնգրեսում եւ բացահայտի երկու առաջնորդների զրույցի մանրամասները։
Հիշեցնենք, Պուտինի ու Թրամփի առաջին լայնաֆորմատ հանդիպումը կայացել է հուլիսի 16-ին Հելսինկիում։





























