Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը իր պաշտոնական կայքէջում (www.msy.am) պարզաբանումներ է ներկայացրել ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրելու վերաբերյալ, որոնք իրականում հավաքականի ֆուտբոլիստներ չեն:

Պարզաբանմանը կցվել են լրացուցիչ 14 ֆայլեր, որտեղ կարելի է ծանոթանալ նույնիսկ նշված անձանց անձնագրերի պատճեններին։

Հիշեցնենք, որ կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հունվարի 27-ի կառավարության նիստում որոշում է ընդունվել տարկետում տրամադրել ֆուտբոլի ազգային հավաքականի 3 ֆուտբոլիստների՝ Գուրգեն Մելիքսեթյան, Արթուր Ստեփանյան եւ Սերգեյ Օգանեսյան։ NEWS.am-ն այնուհետ ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ սույն անձինք իրականում ազգային հավաքականի խաղացողներ չեն, եւ երբեք չեն եղել։ Նրանք նախկինում խաղացել են երիտասարդական հավաքականներում։

Սպորտի եւ երիտասարդության նախարարության հրապարակումից երեւում է, որ սույն ֆուտբոլիստների տարկետման մասին որոշումը կայացվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջնորդությամբ։ Գրությունը ստորագրվել է անձամբ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից։ Այնտեղ նշված է, որ Գուրգեն Մելիքսեթյանն ու Արթուր Ստեփանյանը Ռուսաստանի, իսկ Սերգեյ Օգանեսյանը եղել են Ուկրաինայի քաղաքացիներ։ Նրանց շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն, որպեսզի կարողանան հանդես գալ երիտասարդական եւ ազգային հավաքականներում։ Գրության մեջ նշված չէ, որ նրանք արդեն իսկ հանդես են գալիս ազգային հավաքականում։ Ցավոք՝ սպորտի եւ երիտասարդության նախարարությունում այս հանգամանքն անուշադրության է մատնվել, որի պատճառով կառավարություն է ներկայացվել ոչ ճիշտ հիմնավորում։ Զարմանալիորեն՝ կառավարության որոշման նախագիծը անցել է մի շարք ինստանցիաներով, սակայն սխալը չի ուղղվել։

Ի դեպ՝ ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել էր նաեւ Ռոբերտ Զեբելյանի տարկետման հարցը, իսկ նա իսկապես հանդես է եկել ազգային հավաքականում, սակայն պաշտպանության նախարարությունն առարկել է՝ Զեբելյանը հիմա 27 տարեկան է, ուստի կարելի է քննարկել միայն նրա բանակից ազատվելու հարցը։ Նշենք նաեւ, որ սույն ֆուտբոլիստները 2008 թ. արդեն իսկ տարկետում ստացել են, ուղղակի հիմա այդ ժամկետը ավարտվել է։

Նշենք, որ նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրված է ոչ թե Սերգեյ Օգանեսյանի հայկական անձնագրի պատճեն, ինչպես մյուսների դեպքում, այլ դրանից քաղվածք։

Դատելով նախարարության հրապարակած փաստաթղթերի բովանդակությունից՝ նշված անձանց տարկետում տալու խնդիրը պարզապես ձեւական բնույթ է կրում։ Այս պահին իրականում նրանք նույնիսկ ազգային հավաքականի թեկնածուներ չեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե որտեղ են նրանք հիմա, կամ գոնե որեւէ պրոֆեսիոնալ ակումբում ֆուտբոլ խաղում ե՞ն, թե՞ ոչ։

 

Սամվել Ավագյան