ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հուլիսի 31-ին հանդիպել է Իտալիայի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստանում գտնվող արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Էնցո Միլանեզիին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն առավել զարգացնելու երկու երկրների միջև հարաբերություններն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Այդ առնչությամբ նախարարը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների պատմության ընթացքում Իտալիայի նախագահի առաջին պետական այցելությունը Հայաստան։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էնցո Միլանեզին նշել է, որ Իտալիան կարևորում է Հայաստանի հետ ձևավորված ընդգրկուն օրակարգը՝ շեշտելով, որ Իտալիայի նախագահի այցը լավ առիթ է քննարկելու հազարամյակների պատմություն ունեցող և մշակութային ընդհանրությունների վրա հիմնված հարաբերությունների խորացման ուղղությամբ քայլերը։

ԱԳ նախարարն իտալացի գործընկերոջը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ վերջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի նոր կառավարությունն ապացուցել է իր հանձնառությունը կյանքի կոչելու Կառավարության ծրագրում ամրագրված առաջնահերթությունները՝ ուղղված արդարադատության, օրենքի գերակայության ամրապնդմանը, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռմանը, կառուպցիայի դեմ պայքարին։ Հայաստանի և Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին հակակոռուպցիոն ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

Արձանագրելով, որ հայ-իտալական տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում նկատվում է դրական դինամիկա՝ երկու երկրների արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը: Գործարար կապերի ամրապնդման համատեքստում զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Իտալիայի միջև ուղիղ չվերթների վերականգնումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր։ Զոհրաբ Մնացականյանը երախտագիտություն է հայտնել Իտալիայի իշխանություններին՝ այդ երկրում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի և դրա պահպանման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար։

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում Իտալիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ իրենք ձեռնարկում են բոլոր հնարավոր ջանքերը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի առաջմղման ուղղությամբ։ Իր հերթին, Զոհրաբ Մնացականյանը կարևորել է ԵՄ-ԵՏՄ համագործակցության ծավալումը։

Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ընդգծելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացում առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շարունակաբար հնչող ռազմական հռետորաբանությունը և հայատյացության սերմանումն ուղղված են խաղաղության հաստատման ուղղությամբ ջանքերի տապալմանը։ Հայաստանի և Իտալիայի ԱԳՆ ղեկավարները կարևորել են բանակցային գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը:

Հանդիպման ավարտին Զոհրաբ Մնացականյանը և Էնցո Միլանեզին ստորագրել են Հայաստանի Հանրապետության Կառավարության և Իտալիայի Հանրապետության Կառավարության միջև ուղևորների և բեռների միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին 1999 թվականի օգոստոսի 7-ին ստորագրված համաձայնագիրը փոփոխող արձանագրությունը և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության Ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիրը: