Հայաստանի մի շարք բնապահպանական կազմակերպություններ հայտարարել են «SOS Սեւան» ակցիայի մեկնարկի մասին, որն ուղղված է Ջրային տնտեսության ծրագրերի դեմ՝ 2018 թվականին Սեւանից ջրառը 40 մլն խոր.մետրով մեծացնելու մասին: Ըստ օրենքի՝ լճից ամենամյա ջրառը կազմում է 170 մլն խոր.մետր:

Օգոստոսի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ «ԷկոԼուր» ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը նշեց, որ վերջին տարիներին բազմիցս լրացուցիչ ջրառի մասին որոշումներ են ընդունվել: Արդյունքում Սեւանի մակարդակի կտրուկ տատանումները հանգեցրել են նրան, որ այս տարի լճում գրանցվել է վերջին 50 տարում աննախադեպ ջրի ծաղկում: Պատճառը միկրոջրիմուռներն են, որոնք ծածկել են Սեւանի գործնականում ամբողջ մակերեւույթը, ինչը 1964 թվականից առաջին անգամ է դիտվում: Մտահոգություն է հարուցում այն փաստը, որ ցիանոբակտերիաների շարքում կան թունավոր տեսակներ, որոնք թույն են արտադրում ջրային միջավայրի մեջ: Դրանից զատ, միկրոջրիմուռների փտման ժամանակ ջրում թթվածնի պակաս է դիտվում:

«Սա նշանակում է, որ Սեւանում արդեն սկսվել են ճահճացման պրոցեսները: Նման իրավիճակում լճից լրացուցիչ ջրառը կարող է լուրջ հետեւանքներ առաջացնել: Մենք կարող ենք պարզապես զրկվել Սեւանից՝ որպես քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար»,- հայտարարեց Զարաֆյանը: Նրա խոսքով՝  Ջրային տնտեսության կոմիտեն նախապես առաջարկում էր ջրառը մեծացնել 85 մլն խոր.մետրով, սակայն այս առաջարկը Բնապահպանության նախարարությունը եւ ՀԳԱԱ առընթեր Սեւանի հարցերով փորձագիտական հանձնաժողովը մերժեցին: Երկրորդ առաջարկը ջրառը 40 մլն խոր.մետրով մեծացնելու մասին ստացավ փորձագիտական հանձնաժողովի հավանությունը, սակայն նախարարությունը կրկին մերժեց:

Չնայած նախարարության բացասական դիրքորոշմանը, Ջրային տնտեսության կոմիտեն պատրաստվում է կառավարության քննարկմանը ներկայացնել ջրառի մեծացման առաջարկ: Եթե կառավությունը դրան հավանություն տա, խորհրդարանի քննարկմանը կներկայացվի «Սեւանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը: «Միայն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով է հնարավոր լճից ջրառի մեծացման թույլտվություն ստանալ»,- պարզաբանեց Զարաֆյանը:

Նա տարակուսանք հայտնեց այն փաստով, որ լրացուցիչ ջրառի մասին պահանջը հերթական անգամ պատճառաբանվում է Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի պակասով: Նրա կարծիքով՝ իրավիճակը կարգավորելու համար բավական կլիներ անվավեր ճանաչել 1 մլրդ խոր.մետր չափով ջրօգտագործման ապօրինի լիցենզիաները, որոնք տրվել են Արարատյան դաշտավայրում գործող ձկնաբուծական տնտեսություններին: Դրանից բացի, մասնագետները բազմիցս նշել են հանրապետության ոռոգման ցանցի վատ վիճակի մասին, ինչի հետեւանքով ջրի կորուստը հասնում է մինչեւ 70 տոկոսի:

«SOS Սեւան» ակցիայի շրջանակում բնապահպանները նախատեսում են այցելել Սեւանի եւ Արմավիրի մարզի համայնքներ, որ իրավիճակին տեղում ծանոթանան եւ բնակիչների հետ ընթացիկ հարցեր քննարկեն: «Մենք բազմիցս գյուղացիներից գանգատներ ենք ստացել, որ ոռոգման ջուրը նույնիսկ լրացուցիչ ջրառի պայմաններում իրենց պարզապես չի հասնում: Սա նշանակում է, որ համակարգում կոռուպցիոն ռիսկեր կան»,- նշեց Զարաֆյանը:

Մի շարք հասարակական կազմակերպություններ նախատեսում են նաւ նամակով դիմել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել Սեւանի բնապահպանական վիճակի վրա եւ թույլ չտալ լճից ջրառի մեծացում: