Ցավոք, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, նախկին գործելաոճին հավատարիմ մնալով, շարունակում է չհրապարակայնացնել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ ամբողջական տեղեկությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«2018 թվականի փետրվարի 20-ին ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի հրապարակած` «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առկա վիճակը եւ խնդիրները» թեմայով վերլուծությունը քննարկելու նպատակով, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (արդեն նախկին) Վահան Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, 2018 թվականի մարտի 16-ին հանդիպում տեղի ունեցավ նախարարությունում:

Շուրջ երկու ժամ տեւած քննարկմանը մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար (արդեն նախկին) պարոն Վահան Մարտիրոսյանը, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին) Վարդան Կարապետյանը եւ փոխտնօրեն տիկին Քրիստինե Ղալեչյանը, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչներ Սուրեն Պարսյանը, Արմեն Գրիգորյանը եւ Կարեն Մկրտչյանը:

2018 թ. օգոստոսի 1-ին, ի պատասխան մեր բաց նամակին, նախարարությունից հայտնել էին, որ 2018թ. մարտի 16-ի հանդիպման ժամանակ նախարարությունը հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ: Սակայն ասվածն իրականությանը չի համապատասխանում: Հանդիպման ժամանակ բարձրացվել էին հետեւյալ հարցերը.

որքա՞ն կարժենա Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ամբողջ ծրագիրը,

ըստ վարկային համաձայնագրի՝ Տրանշ 1.-ի կառուցման արժեքը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար, որով պլանավորված էր վերակառուցել 56.4 կմ քառաշերտ ճանապարհ (Երեւան-Աշտարակ՝ 18.4 կմ եւ Երեւան-Արարատ՝ 38 կմ), բայց դրա փոխարեն կառուցվել է 31.0 կմ (Երեւան-Աշտարակ՝ 11.4 կմ եւ Երեւան-Արտաշատ՝ 19.6 կմ), սակայն ծախսվել է ամբողջ 70.4 մլն ԱՄՆ դոլարը. շինարարական աշխատանքների շուրջ 45 տոկոս թերակատարման պայմաններում ծախսվել է գրեթե նույն գումարը,

առ այսօր գոյություն չունի հստակ գնահատական, թե այս կամ այն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնները ինչպե՞ս են ազդել ծրագրերի երկարաձգման վրա,

ինչո՞վ է բացատրվում Տրանշ 1.-ով կառուցված Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհատվածների պարբերաբար վերանորոգումները եւ երաշխիքային սպասարկման ժամկետների հետաձգումները,

ինչո՞ւ առ այսօր հրապարակված չեն Տրանշ 4.-ի տեխնիկատնտեսական փաստաթղթերը,

ճանապարհամերձ տարածքների օտարված հողերի տարբեր արժեքները, այդ գործընթացի ոչ թափանցիկությունը եւ այլն:

Մարտի 16-ի աշխատանքային հանդիպման վերաբերյալ կուսակցությունում կազմվել է զեկուցագիր, որում ներկայացված են քննարկվող հարցերը, քննարկման արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները, տպավորությունը եւ եզրակացությունը: Նախարարության կողմից հանդիպումը նաեւ տեսանկարահանվում էր, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը տալիս է իր համաձայնությունը հրապարակել տեսաձայնագրությունը` առանց մոնտաժելու:

Հանդիպման ընթացքում ձեռք էր բերվել պայմանավորվածություններ, սակայն 19.03.2018 թվականին Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն ՊՈԱԿ-ի տնօրեն (արդեն նախկին) պարոն Վարդան Կարապետյանի պաշտոնական էլ. հասցեով ([email protected]) ուղարկված հարցումները մնացել են անպատասխան:

Իսկ ինչ վերաբերում է նախարարության առաջարկությանը, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցիչները եւս ներգրավվեն նախարարին կից ձեւավորվելիք հարթակում, նշենք, որ մասնագիտական որեւէ հարթակի աշխատանքներում ներգրավվելը ինքնանպատակ չէ: Մասնակիցները պետք է ունենան ամբողջական տեղեկություն՝ հարցադրումները ճիշտ անելու եւ լուծումներ առաջարկելու համար:

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջի (https://tpio.am/am) սակավ տեղեկությունները ՀՅԴ Բյուրոյի հետազոտությունների գրասենյակը արդեն ուսումնասիրել է իր՝ 20.02.2018 թվականի վերլուծության շրջանակներում:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի նկատմամբ հասարակական վերահսկողությունը եւ վստահությունը ապահովելու, նաեւ մեր ամբողջական եւ խորքային հետազոտությունն ավարտելու նպատակով արդեն 3-րդ անգամ առաջարկում ենք ՀՀ կառավարությանը, ի դեմս ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, հանրայնացնել հետեւյալ տեղեկությունները՝ տեղադրելով http://northsouth.am կայքէջում եւ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումները.

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի (1, 2, 3, 4 եւ 5 Տրանշների) կառուցման տեխնիկատնտեսական նախագծերի բոլոր տարբերակների տնտեսական հաշվարկների, դրանք իրականացնող կազմակերպությունների, պայմանագրերի եւ ընդունման-հանձնման ակտերի մասին սկսած 2007 թվականից,

1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող կազմակերպությունների կապալի պայմանագրերի, ընթացիկ վերահսկողական պայմանագրերի եւ ընդունման-հանձման ակտերի մասին,

1-3 տրանշների շինարարական աշխատանքները կատարող ենթակապալառու եւ մատակարար կազմակերպությունների մասին,

շինարարական աշխատանքների միջազգային մրցույթի արդյունքում ընտրված «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» (Տրանշ 1. եւ Տրանշ 2.) եւ «Սինոհիդրո Քորփորեյշն» (Տրանշ 3.) ընկերությունների նկատմամբ կիրառված տույժերի եւ արձանագրված թերությունների մասին առ 01.08.2018 թ., 1-3 տրանշների շինարարական աշխատանքները երկարացնելու պատճառների, դրանց ազդեցության չափի եւ դրանց հետեւանքով առաջացած վնասների (տույժերի) մասին,

1-3 տրանշների ճանապարհամերձ տարածքների օտարման գործընթացում ձեռք բերված հողերի չափերի, տեսակների, արժեքների, դրանց տեղաբաշխման (քարտեզագրված) եւ առկա դատական վեճերի մասին:

Խնդրում ենք ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը` ըստ կետերի` տրամադրել տեղեկությունները, իսկ չտրամադրելու դեպքում վկայակոչել դրանց չտրամադրման օրենսդրական եւ/կամ պայմանագրային սահմանափակումները:

Միաժամանակ, հաշվի առնելով օրենսդրությամբ նախատեսված` որոշակի տեղեկատվության հասանելիության սահմանափակումը, առաջարկում ենք ՀՀ կառավարությանը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ներկայացուցչին հասարակական հիմունքներով ընդգրկել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառավարման խորհրդի կազմում: