Երբ 2008 թ. սկզբում աշխարհի խոշորագույն բորսաներից մեկը՝ NASDAQ OMX Group-ը ձեռք բերեց Հայաստանի ֆոնդային բորսան ու կենտրոնական դեպոզիտարիան, բոլորը ակնկալում էին կապիտալի շուկայի վերածնունդ։ Շատ քիչ տնտեսագետներ կային, որ մատնանշում էին այն հանգամանքը, որ Հայաստանում կապիտալի շուկայի թերզարգացվածության իրական պատճառները շատ ավելի խորքային են, ունեն համակարգային բնույթ եւ բորսայի օպերատորի փոփոխությամբ այդ խնդիրները լուծվել չեն կարող։ Լավագույնը, ինչ կարող է անել «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն՝ պարտատոմսերի շուկան առաջ տանելն է։

Անցած 2 տարիները ապացուցեցին, որ կապիտալի շուկան ավելորդ ռոմանտիկա չի սիրում։ Պարտատոմսերի շուկայում տեղի ունեցած որոշ աշխուժացումը զուգակցվեց բաժնետոմսերի շուկայի լիակատար պասիվությամբ, թեեւ այս գործընթացներում որոշ ազդեցություն ունեցավ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը։ Բայց անկախ այդ ճգնաժամից՝ հայկական կապիտալի շուկան նման է այն դոդոշին, որի թաթերը կտրել են, սակայն սպասում են, որ նա ցատկի։

Այնուամենայնիվ՝ 2010 թ. Հայաստանի ֆոնդային բորսայում նորարարություն եղել է։ Ըստ բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանի՝ 2010 թ. հիմնական ձեռքբերումը վարկային ռեսուրսների առեւտրի հարթակի բացումն է, որտեղ առեւտրային բանկերը միմյանց մեկօրյա վարկային ռեսուրս են վաճառում։ Նախատեսվում է վաճառվող վարկերի ժամկետը ավելացնել՝ մինչեւ մեկ կամ երեքամսյա։

Բորսայական մյուս հարթակներում հարաբերական պասիվությունը շարունակվում է։ Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում նույնիսկ գրանցվել է 70 տոկոս անկում (հասնելով 2,25 մլրդ դրամի)։ Դա զարմանալի չէ՝ պետական պարտատոմսերի բարձր տոկոսադրույքները խոչընդոտում են մասնավոր պարտատոմսերի շուկայի ձեւավորմանը։ Պատահական չէ, որ պետական պարտատոմսերի գծով 2010 թ. առեւտրի ծավալների կրկնակի աճ է գրանցվել՝ կազմելով 5,6 մլրդ դրամ։

Ինչ վերաբերում է կապիտալի շուկայի հիմնական գործիքին՝ բաժնետոմսերի առուվաճառքին, ապա այստեղ մխիթարվելու առիթ չկա։ Ճիշտ է՝ բաժնետոմսերի առեւտրի ծավալը աճել է 30 տոկոսով, սակայն բորսայի տնօրեն Ա. Մելիքյանն ընդունում, է, որ մոտ 124 մլն դրամի գործարքները «բավարար ծավալներ» չեն։

Ա. Մելիքյանի կարծիքով՝ բորսայի հիմնական առաքելությունը կապիտալի շուկայի հրապարակայնությունը ապահովելն է։ «Չլինի այնպես, որ մի օր զարթնեք ու տեսնեք, որ ստրատեգիկ նշանակության օբյեկտները հայտնվել են օտարի ձեռքում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բորսայի տնօրենը։ Ցավոք՝ իրականում հենց այդպես էլ կա, ու մենք չենք տեսնում այն մեխանիզմը, թե ինչպես բորսան կարող է այդ ստվերը վերացնել։ Այլ խնդիր է, որ բորսայի նկատմամբ հասարակական ու բիզնես շրջանակների  հետաքրքրությունը պետք է մեծացնել։ Միայն թե պարզ չէ. թե ով պետք է դա անի։ Ներդրումային մի քանի ընկերություններ կան, որ առանձնապես փիարով զբաղվել չեն սիրում, ու ընդհանրապես՝ իրենք իրենց հասարակական ուշադրությունից դուրս են թողել։

Ա. Մելիքյանն ասում է, որ պետք է վերլուծաբանների շրջանակ ստեղծել։ Եվրոպայի ու Ամերիկայի առաջատար ներդրողներն հենց այդպես էլ անում են, եւ դա մեծապես նպաստում է բորսաների նկատմամբ հետաքրքրության աճին։ Սակայն Հայաստանում պարզ չէ, թե ով պետք է այդ վերլուծական կենտրոններին շահագրգռի։

Մի խոսքով՝ հայկական կապիտալի շուկան ցատկեր կատարելու պատրաստ չէ։

Սամվել Ավագյան