«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ծանոթ չի եղել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկնաբանություններին, որոնք հաջորդել են իր այն հայտարարությանը, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եթե ցանկանար, վաղուց կարող էր ղեկավարել ՀՀԿ-ն։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԲՀԿ մամուլի քարտուղար Խաչիկ Գալստյանը:
Նա ընդգծեց, որ Գագիկ Ծառուկյանին զեկուցում են միայն ծանրակշիռ եւ հեղինակավոր քաղաքական գործիչների հայտարարությունները, դրա պատճառով էլ նրան չեն ներկայացվել Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ ՀՀԿ ներկայացուցիչների վերջին մեկնաբանությունները։
Գալստյանը նաեւ հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանը ներկայումս գտնվում է Հայաստանում։
Նշենք, որ Ծառուկյանի հայտարարությունը, թե ցակության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կարող էր գլխավորել ՀՀԿ-ն, իսկական աժիոտաժ էր առաջացրել Հանրապետական կուսակցության շարքերում։ ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Ծառուկյանին պատշաճության կոչ էին արել եւ խորհուրդ տվել ավելի պարզ արտահայտել իր մտքերը։





























