Սեւանա լճից լրացուցիչ ջրառի շուրջ իրավիճակը շարունակում է անհանգստություն առաջացնել փորձագետների շրջանում։ Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը որոշում է կայացրել 40 մլն խորանարդ մետրով ավելացնել լճից ջրի բացթողումը։
Օգոստոսի 24-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը ‹Հանուն մարդկային կայուն զարգացման ասոցիացիա›› ՀԿ Նախագահ Կարինե Դանիելյանը հայտնել է, որ լրացուցիչ ջրառը կիրականացվի փուլերով, իսկ այդ գործընթացին կհետեւի հատուկ օպերատիվ խումբը։
Բնապահպանը նշել է, որ եղած խնդիրները, այդ թվում՝ ոռոգման համակարգի հետ կապված, արագ լուծման կարիք ունեն։ Սա վերաբերում է նաեւ Որոտան–Արփա թունելին, որով, չնայած խոստումներին, Սեւան ոչ մի կաթիլ ջուր չի լցվել։ «Տարբեր պատճառներ են նշվում, սակայն մենք կասկած ունենք, որ դա կապված է դրա կողքին գործող ՀԷԿ–ի կասկադի հետ»,–նկատել է Դանիելյանը։
Նրա խոսքով՝ ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում լուրջ բացթողումներ կան։ Մասնավորապես, նույնիսկ Սեւանից լրացուցիչ ջրառի ֆոնին գյուղական համայնքների բնակիչներից բողոքներ են հնչում ոռոգման ջրի պակասի մասին։ Նրա խոսքով՝ ոռոգման ջրի կորուստը իրականում ունի կոռուպցիոն բնույթ եւ այդ գործընթացների ետեւում հայտնի օլիգարխներ են կանգնած։
Պակաս տարօրինակ չէ, ըստ Դանիելյանի, ջրամբարներում ջրի քանակի պակասի շուրջ բողոքները, ընդ որում՝ նույնիսկ բարենպաստ եղանակային պայմաններում։ «Սրա հետ մեկտեղ մենք ականատես դարձանք, թե ինչպես է ձմռանը ՀԷԿ–ի կարիքների համար ջրամբարներից մեծ քանակությամբ ջուր բաց թողնվում»,–նշել է բնապահպանը։
«Անհրաժեշտ է լուրջ մոնիթորինգ իրականացնել, որ հասկանանք՝ ուր է իրականում գնում ջուրը»,–նշել է նա։
«Մենք կտրականապես դեմ ենք լրացուցիչ ջրառին։ Երբ խոսում են երաշտի մասին, ապա պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ չոր եղանակը ազդում է նաեւ Սեւանի վրա։ Սա նշանակում է ջրի գոլոշիացման աստիճանի բարձրացում, լիճ թափվող գետերի ծանծաղում։ Սակայն այդ գործոնների մասին մշտապես լռում են»,–հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբուծության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետրի մակարդակով ջրառը պետք է վերանայվի, քանի որ տվյալ հաշվարկներն իրականացվել են առանց ներկա կլիմայի տաքացումը հաշվի առնելու։
Ղուկասյանը նշել է, որ Սեւանում ձեւավորված բնապահպանական իրավիճակը ապացուցում է, որ ցանկացած սխալ լճի համար ճակատագրական կարող է լինել. «Մենք բազմիցս շեշտել ենք լճի մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը, որը կարող է փրկել Սեւանը, այդ թվում արագ տաքացումից։ Դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, որ Սեւանի մակարդակի տատանումները բարենպաստ պայմաններ են ստեղծել ջրիմուռների բազմացման համար»,–շեշտել է նա։
Փորձագետը տեղեկացրել է, որ այս տարի գրանցված Սեւանի ջրի լայնամասշտաբ ծաղկումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել խեցգետինների համար, քանի որ ջրիմուռների փտումը ջրում թթվածնի պակաս է առաջացնում։ Ի տարբերություն ձկների, որոնք կարող են տեղափոխվել ջրի խորքը, խեցգետինները չեն կարող լքել իրենց բնակության վայրերը»
«Սեւանը դեռ ուշքի չի եկել ջրի ծաղկումից, իսկ ջրի լրացուցիչ բաց թողումը կարող է նրա վրա բացասաբար ազդել»,–ասել է Ղուկասյանը։




























