Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության, հայ հանդիսատեսի մասին պատմում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսում է իր համերգային սեզոնը, եւ այդ սեզոնին Դուք ռեզիդենտ կոմպոզիտոր եք։ Ինչպե՞ս կգնահատեք այդ հանգամանքը։

Ես շատ ուրախ եմ։ Մենք համագործակցում ենք արդեն մի քանի տարի, եւ հույս ունեմ, որ այս նշանակումը կբերի ավելի սերտ համագործակցության, եւ հնարավորություն կունենամ ավելի հաճախ Հայաստան այցելել։

Ինչպե՞ս եք գնահատում Ձեր ստեղծագործական համագործակցությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ գործակցությունը առանցքային էր վերջին մի քանի տարվա իմ կոմպոզիտորական գործունեության մեջ։ Իմ ամենահայտնի ստեղծագործություններից շատերն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանում։ Օրինակ, «Բյուրեղապակյա պալատ» բալետի նախերգանքը կատարել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մինչեւ ամբողջ բալետի ներկայացումը։

Ո՞րն է Ձեր եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Սերգեյ Սմբատյանի արդյունավետ համագործակցության գաղտնիքը։

Կարծես Սերգեյին ու նվագախմբին դուր է գալիս այն, ինչ ես գրում եմ, ինձ էլ դուր է գալիս, թե ինչպես են նրանք կատարում դրանք։

Երեւանում այս տարվա հուլիսին կայացավ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնիը, որի ռեզիդենտ կոմպոզիտորը Դուք էիք։ Ինչպե՞ս եք գնահատում այդ իրադարձությունը։

Այդ փառատոնն արդեն երկրորդ անգամ է անցկացվում, եւ գրավում է ուղղակի հրաշալի երաժիշտների՝ երիտասարդ նորահայտ աստղերից մինչեւ պատմական կերպարներ, ինչպիսին Մաքսիմ Վենգերովն է։ Փառատոնը հրաշալի էր կազմակերպված, նվագախումբը իդեալական էր պատրաստվել։ Ինձ համար մեծ պատիվ էր լինել այդ իրադարձության մի մասնիկը։

Եթե չեմ սխալվում, Դուք երրորդ անգամ եք Հայաստանում։ Ինչպե՞ս դիմավորեցին Ձեզ հայ ունկնդիրները։

Առաջին համերգից էլ հայ հանրությունը մեծ ոգեւորությամբ արձագանքեց։ Հատկապես հաճելի է, որ շատերը մոտենում էին ինձ ու ասում, որ եղել են իմ երաժշտության նախորդ համերգներին եւ ծրագրում են գալ նաեւ հաջորդ համերգներին։ Ավելի մեծ հաճոյախոսություն չեմ պատկերացնում։

Ձեր երաժշտությունը հնչել է VI Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի եւ Մալթայում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում, շատ հայ երաժիշտներ հաճույքով կատարում են Ձեր երաժշտությունը՝ այդպիսով, ծանոթացնելով նաեւ հայ հանդիսատեսին Ձեր ստեղծագործությունների հետ։ Որքանո՞վ է դա կարեւոր Ձեզ համար՝ լինել հանրահայտ ժամանակակից կոմպոզիտոր ոչ միայն Եվրոպայում, այլ նաեւ Հայաստանում։

Ամենակարեւորն ինձ համար այն է, թե ինչպես է հայ հանրությունն ընկալում իմ երաժշտությունը։ Այդ իսկ պատճառով՝ անում եմ ամեն հնարավորը, որ որքան հնարավոր է ավելի հաճախ լինեմ համերգներին եւ տեսնեմ մարդկանց արձագանքը։ Հայ հանրության հետ, կարծում եմ, լավ կապ է սեղծվել (մեծ մասամբ ,իհարկե, Սերգեյ Սմբատյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եւ այնպիսի հայ աստղերի շնորհիվ, ինչպիսիք Նարե Արղամանյանն ու Նարեկ Հախնազարյանն են)։ Շատ եմ սպասում Հայաստան մյուս այցելություններին։