Դատական համակարգում հեղափոխությունից հետո էական փոփոխություններ չեն կատարվել: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

«Այն դատավորները, որոնք ինքնուրույն էին, ավելի ինքնուրույն են դարձել եւ օբյեկտիվ դատական ակտերն ավելի դուխով են կայացնում, իսկ նրանք, ովքեր կաշկանդված են եղել, ավելի կաշկանդված են դարձել»,- ասաց նա:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են անհրաժեշտ, որ դատական համակարգում էական փոփոխություններ արձանագրվեն, Լիպարիտ Սիմոնյանը նշեց, որ առաջին հերթին պետք է դատավորների հոգեբանությունը փոխվի:

«Ավելի շատ այն դատավորների հոգեբանությունը պետք է փոխվի, ովքեր կարծում են, որ միշտ ինչ-որ մեկն իրենց պետք է թելադրի: Այսինքն՝ այդ դատավորները պետք է հասկանան, որ իրենք են որոշողը, ավելի ինքնուրույն որոշումներ կայացնեն՝ չսպասելով մեղադրանքի կողմի, գործադիր իշխանության ինչ-որ կարգադրությունների: Այսինքն՝ հաշվի առնեն գործի զուտ փաստական հանգամանքները, ապացույցները եւ օրենքը, ուրիշ բան չպետք է գոյություն ունենա: Այդ դեպքում մեր դատական համակարգն ավելի արդար կլինի»,- նշեց նա: