Յուրաքանչյուր երկիր Գերմանիայի կանցլեր Անգել Մերկելի այցն օգտագործել է իր ներքին խնդիրն անուղղակի ցուցադրելու համար: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով Գերմանիայի կանցլերի տարածաշրջանային այցին:

«Օրինակ՝ Վրաստանն ունի Հարավային Օսիայի խնդիրը, եւ դա է ցանկացել ցույց տալ, Հայաստանում իշխանությունները ցանկացել են ցույց տալ, որ հին իշխանությունները չկան, եւ հիմա իշխանությունների ու ժողովրդի միջեւ անջրպետ չկա: Այս քայլն ուղղակի թաքնված PR է կոչվում, սակայն դրական իմաստով»,- ասաց քաղտեխնելոգը՝ նշելով, որ Մերկելը նորմալ ընդունեց Երեւանում զբոսնելու, քաղաքացիների հետ սելֆի անելու փաստը:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ այս իրադարձությունը բացասական գնահատական ստացավ, թերեւս, ռուսական փորձագետների կողմից:

«Եվրամիությունն ավելի մեծ հետաքրքրություն է դրսեւորում Հարավային Կովկասի նկատմամբ, եւ պատահական չէ, որ ռուս փորձագետների մոտ տարածվել է այն տեսակետը, որ Մերկելը եկել է՝ Հարավային Կովկասը Ռուսաստանից պոկելու եւ Եվրամիությանը միացնելու համար: Այս տեսակետն էր ավելի շատ հնչում նրանց վերլուծություններում, սակայն այս այցը պետք է դիտարկել որպես Եվրամիության կարեւորագույն երկրի ղեկավարի այց տարածաշրջան, ճանաչողական բնույթ կրող, որը կարող է խորանալ, բայց կարող է նաեւ այդպես մնալ: Հիմա թե այդ այցն այդպես կմնա, թե՞ կխորանա, կախված է այս երկրներից: Սակայն Եվրամիությունը Հարավային Կովկասի երկրների հանդեպ հետաքրքրություն ունի, քանի որ Մերկելը Ադրբեջանում խոսեց գազատարի կառուցման մասին, որը հետագայում պետք է նվազեցնի Եվրամիության կախումը ռուսական գազից: Այսինքն՝ սա միայն ճանաչողական այց չէր, այստեղ նաեւ բիզնես շահեր կան, հեռու գնացող ծրագրեր»,- ասաց Բադալյանը:

Նշենք, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկօրյա պաշտոնական այցով օգոստոսի 24-25-ին Հայաստանում էր: Նա մինչ այդ այցելել էր Վրաստան, Հայաստանից էլ մեկնեց Ադրբեջան՝ ավարտելով այցը տարածաշրջան: