ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելել է հրապարակել սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան առնչությամբ պատրաստված հաղորդագրությունը, հայտնում է Washington Post-ը։ Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տան աշխատակիցները պատրաստել էին հայտարարություն, որում Մաքքեյնը մեծարվում էր Վիետնամական պատերազմում եւ գերության մեջ հերոսության եւ ԱՄՆ-ին ծառայելու համար։
Սակայն Թրամփը հայտարարել է, որ նախընտրում է թվիթը, չնայած դրա դեմ են հանդես եկել մամուլի քարտուղար Սառա Սանդերսն ու Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին։
Մաքքեյնի մահվանից հետո Թրամփը ցավակցական թվիթ է հրապարակել, սակայն Սպիտակ տան պաշտոնական հայտարարություն դեռեւս չկա։
Հիշեցնենք՝ Մաքքեյնը մահացել է ուղեղի քաղցկեղից, նրա հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին Մերիլենդ նահանգի Անապոլիս մայրաքաղաքում։
New York Times-ը ավելի վաղ հայտնել էր, որ Թրամփին չեն հրավիրել Մաքքեյնի հուղարկավորությանը։ Թրամփը նախկինում թշնամացած էր Մաքքեյնի հետ, սենատորը քննադատում էր նախագահին, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ մեղմ քաղաքականության համար։





























