Հայաստանում ցանքատարածությունների կրճատումը պայմանավորված է մի շարք բացասական գործոններով։ Այսպիսի տեսակետ է հայտնել Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանը օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսին։
Պաշտոնական տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ բանջարեղենի ցանքատարածությունները այս տարի կրճատվել են 6.4 հազար հեկտարով։ Այսպես, կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են 3.0 հազար հեկտարով, պոմիդորինը՝ 1.7 հազար հեկտարով։ Կրճատվել են նաեւ բանջարեղենի մյուս տեսակների՝ կաղամբի, վարունգի, սմբուկի, սոխի, սխտորի եւ մյուսների ցանքատարածությունները։
Բերբերյանի կարծիքով՝ պատճառն այն է, որ վերջին տարիներին կառավարությանը չի հաջողվել լուծել մի շարք արդիական խնդիրներ։ Սա վերաբերում է, մասնավորապես, ցեցի դեմ պայքարին, որը զգալի վնաս է հասցնում պոմիդորի բերքին։ Սրա հետ մեկտեղ բացակայում է միջպետական համապատասխան պայմանագիրը, որը կընդլայներ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Պակաս մտահոգիչ չէ նաեւ հողատարածքների ոռոգման հարցում անկայուն իրավիճակը, քանի որ երկրի ոռոգման համակարգը մենաշնորհված է։
Ջրային ռեսուրսների նկատմամբ որպես անփույթ վերաբերմունքի օրինակ փորձագետը նշեց Սեւանից լրացուցիչ ջրի բացթողումը։ Նա նշում է, որ իրականում եղած ջրի պաշարները բավական են ոռոգման կարիքները հոգալու համար։ Միաժամանկ, տարեցտարի ոռոգման համակարգում ջրի մեծ կորուսների մասին է հաղորդվում։
«Ջուրն ակնթարթորեն ու միանգամից անհետանում է։ Իրականում ՀԵԿ–երը ջրամբարներին են կպել, ինչպես տզրուկներ եւ ջուրն օգտագործում են իրենց նպատակների համար։,–նշել է Բերբերյանը՝ ընդգծելով ստեղծված իրավիճակում Ջրային ռեսուրսների պետական կոմիտեի մեղքը։ Բերբերյանի խոսքով՝ սրա հետ կապված գյուղացիները սկսում են աստիճանաբար կորցնել հետաքրքրությունը գյուղատնտեսության նկատմամաբ՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ տվյալ ոլորտում շատ ռիսկեր կան (այդ թվում կապված եղանակային պայմանների հետ)։ «Եթե այս իրավիճակը շարունակվի, ապա երկու տարի անց Հայաստանում գյուղատնտեսություն որպես այդպիսին չի լինի»,–շեշտել է նա։




























