Թուրքիան հաշվի առնելով առեւտրի կարեւորությունը ցանկանում է Եվրամիության հետ հարաբերությունները նոր փուլ տեղափոխել: Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար,  Թուրքիայի նախագահի փեսա Բերատ Ալբայրաքը ֆրանսիացի գործընկեր Բրունո Լե Մեյրի հետ համատեղ ասուլիսում, հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգների կողմից ձեռնարկված վերջին միակողմանի քայլերը ցույց են տվել, որ Թուրքիայի եւ ԵՄ-ի, մասնավորապես Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները ավելի կարեւոր են, քան երբեւէ: Նա նաեւ նշել է, որ Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու հարցում Փարիզի ու Անկարայի դիրքորոշումները նման են:

Հիշեցնենք, որ Անկարայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները վատթարացան ամերիկյան քահանա Էնդրյու Բրանսոնի գործի պատճառով:Թուրքիայի իշխանությունները Բրանսոնին մեղադրում են լրտեսության, քուրդ ապստամբներին եւ անցյալ տարվա պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին սատարելու մեջ: Նրան սպառնում է 35 տարվա բանտարկություն: Վաշինգթոնը կարծում է, որ նա անմեղ է, եւ նրա կալանավորումն ու դատը քաղաքական դրդապատճառներով են պայմանավորված: ԱՄՆ-ն պնդում է Բրանսոնին ազատելու եւ հայրենիք վերադարձնելու մասին: Դրա հետ կապված Վաշինգթոնը պատժամիջոցներ է սահմանել 2 թուրք նախարարների դեմ: ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ թուրք պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ է պատրաստում: