ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին չի հաջողվի ոչ ոքի միավորել իր շուրջ: Այսպիսի տեսակետ հայտնեց Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լեւոն Շիրինյանը օգոստոսի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով ՆՏՎ հեռուստաալիքին տված Քոչարյանի հարցազրույցը։
«Նրանք ձայն էլ չեն ստանալու, թող չթպրտան»,–հայտարարեց Շիրինյանը։ Նախկին նախագահի եւ նրա կողմնակիցների գործունեությունը բնութագրելու համար Շիրինյանը օգտագործում էր նեղ քաղաքագիտական «մուտիլովկա» տերմինը։
Քաղաքագետը նշեց, որ Քոչարյանը փորձում է կոնսոլիդացնել պետության թալանի հաշվին հարստացածների խմբի, օլիգարխների: Լեւոն Շիրինյանը կոչ արեց չհավատալ նախկին նախագահի հայտարարություններին։
Քաղաքագետը նաեւ կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի հետադիմությունն է փորձում միավորվել ու սկսել հեղափոխության դեմ գործել:
Նա համոզված է, որ պետք է օր առաջ խորհրդարանական ընտրություններ անցկացնել:
«Ժողովրդին ոտքի կանգնեցնել եւ Ազգային ժողովը արձակել: Այս Ազգային ժողովը լեգիտիմ չէ, նրանք ձեւավորվել են կեղծիքով»,-եզրափակեց նա:





























