ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը Թայլանդում մասնակցում է Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տնտեսական եւ սոցիալական հանձնաժողովի (UN ESCAP) Ասիա-խաղաղօվկիանոսյան ինֆորմացիոն գերմայրուղու(AP-IS) ղեկավար կոմիտեի երկրորդ նիստին, ինչպես նաեւ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների եւ գիտության, տեխնոլոգիաների եւ նորարարությունների կոմիտեի երկրորդ նիստին:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ինֆորմացիոն գերմայրուղու նախագիծը ենթադրում է օպտիկական ինտերնետային ցանցի ընդլայնում՝ ներառելով Ասիական երկրները, ամբողջական օպտիկամալուխային հուսալի ցանցի կառուցմամբ միացնելով ծովային եւ ցամաքային օպտիկական ինֆորմացիոն մայրուղիները:
Հակոբ Արշակյանն իր ելույթում կարեւորել է տարածաշրջանային նմանատիպ ծրագրերին Հայաստանի ինտեգրումը։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր երկրի համար ինֆորմացիոն մայրուղիները նույնքան կարեւոր են, որքան էներգետիկ ուղիները։ Իսկ միջազգային ցանցերում Հայաստանի ներգրավվածությունը նաեւ անվտանգության եւ բարեկեցության երաշխիք է:
Նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է նաեւ Հայաստանի ՏՏ ոլորտի վերջին ձեռբերումներին, ընդգծել հայ մասնագետների մեծ ներուժն ու փորձը։
Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել թեմատիկ քննարկումներ, սեմինարներ, կլոր սեղան-քննարկումներ եւ գործարար հանդիպումներ:





























