Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդության քննությունն այսօր՝ օգոստոսի 30-ին հետաձգվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Համբարձումյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանը:
«Դավիթ Համբարձումյանի կալանավորման ժամկետի երկարացման դատական նիստը հետաձգվեց մինչ վաղը ժամը 17:00-ն՝ նրա մասնակցությունը ապահովելու, ինչպես նաեւ պաշտպաններիս կողմից դատավոր Մնացական Մարտիրոսյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար։ Հանրության կենսական շահից է բխում, որ դատավորները դատական ակտերը կայացնեն անկաշկանդ, ապացույցների հիման վրա եւ ներքին համոզմունքով` օրենքին համապատասխան»,- գրել է Տիգրան Աթանեսյանը:
Ի դեպ՝ պաշտպանն ավելի վաղ գրել էր, որ Դավիթ Համբարձումյանը հրաժարվել է մասնակցել նիստին, քանի որ նախագահող դատավորը Մնացական Մարտիրոսյանն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում մի խումբ անձինք հարձակվել էին բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:
Երեւանում ցուցարարներին ծեծելու փաստով ձերբակալվել էին Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանը, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանը, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանը, 30-ամյա Գոռ Խաչատրյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել:
Հունիսի 2-ին դատարանը որոշել էր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ստորագրությունը չհեռանալու մասին եւ նրանք ազատ են արձակվել:
Հուլիսի 7-ին, սակայն, նոր մեղադրանք էր առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին եւ նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին եւ նրանք կալանավորվել են:
Մասնավորապես, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը) ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն)՝ Գոռ Համբարձումյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:





























