8 տարի առաջ Հադրութի զորամասերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ղազարյանի գործը վերաբացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի մայրը` Իրինա Ղազարյանը:

«Նիկոլ Փաշինյանը մեզ հրավիրեց, նստեցինք, խոսեցինք: Ես ասեցի, որ ուզում եմ իմ որդու գործը կարճումից դուրս գա, ինքն ասեց՝ կարճումից դուրս կգա եւ ամեն ինչ կբացահայտվի: Այդպես էլ եղավ. գործը վերաբացվեց, նոր քննություն է գնում»,- պատմեց տիկին Իրինան:

Իրինա Ղազարյանը, սակայն, առանձնապես մեծ հույսեր չունի: Ասում է՝ հնարավոր չէ հասնել գործի ամբողջական բացահայտման, քանի դեռ համակարգը նույնն է մնացել:

«Անցած երկուշաբթի քննիչի մոտ գնալով՝ հասկացա, որ իմ որդու գործով զբաղվում են բոլոր այն քննիչները, որոնք ամեն ինչ արել են գործը փակելու համար: Ես միջնորդություններ եմ ներկայացնելու, որ իրենք տարիներ շարունակ մերժել են՝ չկարդալով, թե այնտեղ ինչ է գրված, ու հիմա ես ինչքան էլ դեմ տամ, մեկ է՝ իրենք լափել են այս գործը: Վրայից են մի քանիսը փոփոխվել, իսկ ներսինները էլի նստած են ու էլի կոծկելու են»,- ասաց Իրինա Ղազարյանը՝ նշելով, որ համակարգն ամբողջությամբ պետք է մաքրվի:

Նշենք, որ Արթուր Ղազարյանը մահացել է 2010թ. դեկտեմբերի 17-ին Հադրութի զորամասերից մեկում: Ծնողները չեն ընդունում որդու մահվան պաշտոնական վարկածը, ըստ որի՝ նրա գլխում չարորակ ուռուցք է հայտնաբերվել:  Ծնողները պնդում են, որ իրենց որդին սպանվել է զորամասում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով: