Առերեւույթ չարաշահումներով «Քաթար Էյրվեյզ» ընկերությանը գույքային եւ գործարար համբավի հետ կապված վնաս է հասցվել. ընկերության գլխավոր գործադիր տնօրենի գրության առթիվ քրեական գործ է հարուցվել:
Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար ՀՀ գլխավոր դատախազությունից Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն էր ուղարկվել «Քաթար Էյրվեյզ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ակբար Ալ Բաքերից ստացված գրությունը:
Նյութերին նախապատրաստմամբ պարզվել է, որ 2016թ. մայիսի 10-ին «Զվարթնոց Հենդլինգ», «Կոլբոր Ասեթ Մենեջմենթ» եւ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղ» ընկերությունների միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր: Համաձայն վերջինիս՝ «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲԸ-ն պարտավորվել է ամսական 13888 ԱՄՆ դոլար վճարել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությանը՝ «Քաթար Էյրվեյզ» ընկերության կանոնավոր չվերթների տոմսերի ավելացմանն ուղղված մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար: Պարզվել է, որ նշված ընկերությունների համապատասխան աշխատակիցներն իրավասու չեն եղել կնքելու նշված պայմանագիրը՝ առանց «Քաթար Էյրվեյզ» ընկերության գիտության եւ թույլտվության:
Առկա են տվյալներ, որ «Քաթար Էյրվեյզ Հայաստանյան մասնաճյուղի» նախկին տնօրենը պայմանագիրը կնքելու փաստը թաքցրել է «Քաթար Էյրվեյզ» ընկերությունից, քանի որ անձնական բիզնես շահեր է ունեցել «Կոլբորն Ասեթ Մենեջմենթ» ընկերությունում:
2016թ. մայիսից մինչեւ 2017թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց Հենդլինգ» ընկերությունը համապատասխան հարկային հաշիվների հիման վրա «Կոլբորն Ասսեթ Մենեջմենթ» ընկերությանը վճարել է 242.335 ԱՄՆ դոլլարին համարժեք 116.440.103 ՀՀ դրամ գումար, սակայն կատարված աշխատանքների վերաբերյալ կատարողական ակտեր չեն կազմվել, աշխատանքները կատարելու հանգամանքը որեւէ կերպ չի հիմնավորվել:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ստացվել առեւտրային կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց լիազորությունները չարաշահելու, «Քաթար Էյրվեյզ» ընկերությանն առերեւույթ գույքային եւ գործարար համբավին վնաս պատճառելու մասին, դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու:




























