Ֆիլիպինների Սեբու նահանգում անհայտ անձինք գնդակահարել են Ռոնդայի քաղաքապետին, հայտնում է Philippine Star պարբերականը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Հաղորդվում է, որ չորեքշաբթի գիշերը 3 տղամարդ ներխուժել են քաղաքապետ Մարիանո Բլանկոյի գրասենյակ եւ աշխատակիցներին հրամայել հատակին պառկել: Լսվել են կրակոցների ձայներ, որից հետո անհայտ անձինք հանցագործության վայրից անմիջապես հեռացել են: Երբ ոստիկանությունը Բլանկոյին հայտնաբերել է, նա ամբողջությամբ արյան մեջ էր:
Պարբերականը հիշեցնում է, որ քաղաքապետը տեղական պաշտոնյաներից մեկն էր, որոնց երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կապել էր ապօրինի թմրավաճառքի հետ:
Ֆիլիպիններում հուլիսին արդեն տեղի է ունեցել քաղաքապետերի սպանության երկու դեպք: Տանավանի քաղաքապետ Անտոնիո Խալիլին, ով ավելի վաղ կազմակերպել էր թմրավաճառքի մեջ կասկածվողների մասնակցությամբ հրապարակային խայտառակ երթը, գնդակահարվել էր, երբ արարողությանը մասնակցող պաշտոնյաները կատարում էին ազգային օրհներգը: Գեներալ Տինիո համայնքի քաղաքապետ Ֆերդինանդ Բոտեն Ֆիլիպինների Նուեւա-Էսիխա նահանգում սպանվել էր ավտոմեքենան վարելիս:



























