2018 թվականի սեպտեմբերի 11-15-ին Ռուսաստանը կանցկացնի 1981 թվականից ի վեր ամենամեծ «պատերազմական խաղերը»: Այս մասին գրում է Global Security Review կայքը: Զորավարժություններն անվանվել են «Վոստոկ 2018», եւ դրանք կներառեն ավելի քան 300.000 զինվորականի, ռուսական երկու նավատորմ, ավելի քան 1.000 ռազմական օդանավ եւ ռուսական բոլոր օդային հարձակման միավորները:
Washington Examiner-ի թղթակից Թոմ Ռոգանի կարծիքով՝ չնայած Ռուսաստանի որոշ զորավարժություններ մտահոգիչ են, սակայն այս մեկը չպետք է ԱՄՆ-ին անհանգստացնի: Նախ՝ զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանի Հեռավոր Արեւելքում, ինչը նշանակում է, որ դրանք չեն կարող լինել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից մեկի վրա հարձակման միջոց: Մյուս կողմից՝ «Վոստոկ 2018»-ը ՆԱՏՕ-ին յուրահատուկ հնարավորություն է տալիս իր հետախուզական մարմինների միջոցով պարզել Ռուսաստանի ռազմական պատրաստվածության աստիճանը:
ԱՄՆ-ն, սակայն, ռազմավարական այլ շահեր էլ ունի «Վոստոկ 2018»-ին հետեւելու համար: Ակնհայտորեն, զորավարժությունները որոշ ուժեր են ներառելու նաեւ Չինաստանից եւ Մոնղոլիայից, սակայն դա, Ռոգանի խոսքով, չպետք է մտահոգիչ լինի, քանի որ նորություն չէ, որ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են ԱՄՆ-ի գլխավորած միջազգային համակարգը փոխել եւ, ըստ այդմ, համագործակցում են: ԱՄՆ-ի համար նրանց ռազմական համագործակցությունը դիտարկելը բացառիկ հնարավորություն է:
Reuters-ի տվյալներով` վերջին անգամ նման լայնամասշտաբ զորավարժություններ Ռուսաստանը կազմակերպել էր 1981 թվականին՝ Սառը պատերազմի ընթացքում: Ռուսաստանը նաեւ հայտարարել է սեպտեմբերի 1-8-ը Միջերկրական ծովում անցկացվող զորավարժությունների մասին:
Նշվում է, որ Կրեմլի վարած հիբրիդային պատերազմը ներառում է լայնածավալ զորավարժությունների անցկացում, ինչպես նաեւ ԵՄ անդամ պետությունների դեմ ակտիվ միջոցների կիրառում, որոնք ներառում են էթնիկ ատելություն եւ ազգայնականություն, ծայրահեղական խմբերի եւ քաղաքական կուսակցությունների ֆինանսավորում քաղաքական համակարգի երկու կողմում միաժամանակ:
Japan Times-ը գրում է, որ զորավարժություններին Չինաստանի մասնակցությունը նպատակ ունի նախ՝ ցրել Չինաստանի կասկածները, թե դրանք իր դեմ են ուղղված, եւ երկրորդ՝ աշխարհին ցույց տալ, որ Չինաստանն ու Ռուսաստանը հաստատում են ավելի խորը ռազմական եւ անվտանգության համագործակցություն: Այս հակումն արժե ուսումնասիրել, սակայն առայժմ վաղ է մտահոգվել, գրում է կայքը: Նշվում է, որ Ռուսաստանի համար այս զորավարժությունները կարեւոր են՝ Արեւմուտքին ցույց տալու համար, որ Ռուսաստանի ռազմական ուժերի հետ պետք է հաշվի նստել:
Չինաստանն այստեղ կկարողանա ծանոթանալ ժամանակակից մարտին. վերջին անգամ ակտիվ պատերազմ Չինաստանը վարել է Վիետնամի դեմ 1979 թվականին, ուստի ուզում է ուսումնասիրել, թե ռուսներն ի՞նչ են սովորել Սիրիայում եւ Չեչնիայում կռվելուց հետո: Նշվում է, որ Ճապոնիան պետք է ուշի ուշով հետեւի այս զարգացումներին, որպեսզի Ռուսաստանին կարողանա դիվանագիտական այլընտրանք առաջարկել եւ թույլ չտալ Պեկին-Մոսկվա մերձեցումը:
Ավստրալիական abc.net.au կայքը գրում է, որ Ռուսաստանն այսպես լայնածավալ պատերազմի փորձ է անում: «Վոստոկ 2018»-ը շեշտը կդնի եւ կփորձարկի Ռուսաստանի կայուն զարգացող հնարավորություններն իր տրամադրության տակ գտնվող ռազմական ուժերը մոբիլիզացնելու հարցում: Ավելին, քանի որ զորավարժությունները ներառում են նաեւ նշանակալի միջուկային վարժանքներ, իսկ Ռուսաստանի երկու միջուկային նավատորմերը մասնակցում են, սա եւս վկայում է միջուկային օպերացիաներ իրականացնելու պայմանների փորձարկումների մասին: Նշվում է, որ ամեն ինչ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը համաշխարհային պատերազմի եւ դրան տանող մի շարք ավելի փոքր մասշտաբի պատերազմների սցենար է փորձարկում: Իսկ դա, հավանաբար կներառի միջուկային զենքի կիրառում եւ ՆԱՏՕ-ի դեմ ուղղված նշանակալի քաղաքացիական եւ ռազմական մոբիլիզացում:
Global Security Review-ն գրում է, որ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը «Վոստոկ 2018»-ի իրականացումը մեկնաբանել է որպես Ռուսաստանի ինքնապաշտպանության իրավունքի իրագործում՝ նշելով, որ միջազգային հանրությունը շարունակ ավելի թշնամաբար է տրամադրվում Ռուսաստանի հանդեպ: Հեղինակները նշում են, որ նման օպերացիաները ցույց են տալիս սեփական շահերն ամրապնդելու համար Ռուսաստանի հարձակողական հնարավորությունները եւ պատրաստակամությունը:





























