Երեւանի քաղաքապետարանում այնպիսի դասավորություն է անհրաժեշտ, որ մենք չվախենանք մեզ շրջապատել մեզանից ավելի խելացի մասնագետներով բոլոր ոլորտներում, այդ հանձնառությունը մենք ունենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններում «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Երկուշաբթի Ազնավուրի հրապարակում ծրագրային ելույթով հանդես կգանք: Մեր մոտեցումն այն է, որ Երեւանը պետք է ունենա համապարփակ գույքագրում: Այբից մինչեւ բեն պետք է վերագնահատման ենթարկվի Երեւանի իմաստն ու ամբողջությունը։ Մենք հանձնառություն ենք վերցնում ավագանիում եւ քաղաքապետարանում հայտնվելուց հետո առաջնորդվել վերկուսակցական, քաղաքացիական մոտեցմամբ։ Մենք ունենք ոչ միայն բովանդակային լուծումներ, այլ նաեւ ընթացակարգային: Չի լինելու որեւէ հարց, որը լուծվելու է առանց մասնագիտական խմբերի, շահառու քաղաքացիական խմբերի անմիջական մասնակցությամբ։ Քաղաքի խնդիրների համապարփակ լուծումը որեւէ թիմ առանձին վերցված չի կարող լուծել, անհրաժեշտ է այնպիսի դասավորություն քաղաքապետարանում, որ մենք չվախենանք մեզ շրջապատել մեզանից ավելի խելացի մասնագետներով բոլոր ոլորտներում, այդ հանձնառությունը մենք ունենք»,–նշեց նա։
Րաֆֆի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ պայքարը զերծ կլինի ծայրահեղ պիտակավորումներից, իսկ լեզվի սայթաքումներ կարող են լինել։
Նա շեշտեց՝ ոչ մեկ չունի ճշմարտության մենաշնորհ, ոչ մեկ չունի հայ ժողովրդի վերելքի, հայոց ոգու ժայթքան հեղինակային իրավունք։
Կուսակցության ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արմեն Մարտիորսյանն էլ շեշտեց՝ յուրահատուկ քարոզարշավ է սպասվում, քանի որ նախկինի պես չկա ռեժիմ, որն էր ՀՀԿ–ն, այժմ ամեն քաղաքական ուժ պետք է ներկայացնի իր ով լինելը այս տարիների ընթացքում, իսկ այդ առումով իրենք հանգիստ են։ Նրա խոսքով՝ սպասում են ազատ, արդար եւ հավասար պայքար։
«Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող մյուս անդամը՝ Հովսեփ Խուրշուդյանն էլ վերաձեւակերպելով «մենք ենք տերը մեր երկրի» արտահայտությունը՝ նշեց, հիմա «Մենք ենք տերը մեր քաղաքի», այսինքն՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մասնակցի Երեւանի կառուցմանը։
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։ Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 21-ին:





























