Երեւանի տարածքում շուրջ 2 հազար նոր տեսախցիկ տեղադրելու որոշում չկա, խոսքը ոստիկանության ներկայացված եւ ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է: Այս մասին պարզաբանում է ներկայացրել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով դրա վերաբերյալ մամուլի տեղեկություններին:

Պարզաբանման մեջ, մասավորապես, ասվում է.

«Խոսքը ոչ թե կայացված որոշման, այլ ոստիկանության ներկայացված և ուսումնասիրման փուլում գտնվող ծրագրի մասին է: Ըստ այդմ՝ վերջնական չէ նաեւ տեսախցիկների թիվը. շրջանառվող քանակը ծրագրով ներկայացվածն է, իսկ վերջնական թիվը, եթե ծրագիրը հավանության արժանանա, որոշվելու է ուսումնասիրությունների արդյունքներով:

Միեւնույն ժամանակ նկատենք, որ տեսախցիկների տեղադրումը դիտարկվում է ոչ միայն ճանապարհային երթեւեկության կառավարման, այլեւ ընդհանրապես հանցավորութան դեմ պայքարի ու հանցագործության դեպքերի նվազեցման համատեքստում:

Ուստի, անկախ նրանից, թե տեսախցիկների ինչ քանակ կնախատեսվի, դրանք համաչափության սկզբունքով պետք է տեղադրվեն եւ մայրաքաղաքում, եւ մարզերում:

Ինչ վերաբերում է լուրերին, թե տեսախցիկներ են տեղադրվում «ընդդեմ» վարորդների, ապա հիշեցնենք, որ ոստիկանությունը վարչապետի հանձնարարությամբ նախաձեռնել է տուգանքների նվազեցման գործընթացը, ինչպես եւ կիրառության մեջ է դրել երթեւեկության կազմակերպման պատժական սկզբունքը ոստիկան-վարորդ-հետիոտն համագործակցության սկզբունքով փոխարինելու գործընթացը:

Ուստի, կրկնում ենք, ինչպես ուսումնասիրվող, այնպես էլ ոստիկանության կողմից կիրառման դրված ու նախատեսվող բոլոր ծրագրերը ուղղված են ոչ թե որեւէ մեկին տուգանելուն, այլ մեր քաղաքացիների անվտանգության լիարժեք ապահովմանը»:

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը այս խնդրին անդրադառնալով Armtimes.com-ին հայտնել էր, որ իսկապես փողոցներում տեղադրվելու է մինչեւ 2 հազար հատ նոր տեսախցիկ. «Այդպիսի մի ծրագիր կա, որ պարեկային ծառայության անցնելով՝ կառավարությանը նմանատիպ առաջարկություն ներկայացնենք: Սա արվում է վարորդներին զսպելու նպատակով, քանի որ վրաերթերի, ՃՏՊ-ների, վիրավորների թիվը շատ է: Ես անթույլատրելի եմ համարում նման քանակը»,- ասել է  Վալերի Օսիպյանը՝ հավելելով, որ հնարավոր է տեսախցիկների թիվը երկու հազարից ավելի լինի կամ պակաս: