Հանրությանը մոլորության մեջ գցող եւ ԲՀԿ-ի բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Անդրադառնալով վերջին օրերին որոշ շրջանակների կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ լուրերին, թե իբր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ընտրակաշառք է բաժանում՝ դիմում եմ ՀՀ իրավապահ մարմիններին:
Եթե նման ստահոդ տեղեկություններ տարածող անձինք անհապաղ չներկայացնեն ընտրակաշառք բաժանելու լուրերը հաստատող իրական փաստեր, ապա մենք դիմելու ենք պատկան մարմիններին՝ համապատասխան քննություն իրականացնելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Հանրությանը մոլորության մեջ գցող եւ կուսակցության բարի համբավն արատավորել փորձող յուրաքանչյուր ոք պետք է ենթարկվի պատասխանատվության՝ օրենքի ամբողջ խստությամբ»:




























