Հայաստանի կրթության ոլորտում որոշ խնդիրներ կան, սակայն դրանց լուծման համար աշխատանքներ են տարվում։ Այս մասին սեպտեմբերի 11-ին ԱԺ նիստում Հայաստանի Հանրապետության եւ Տաջիկստանի Հանրապետության կառավարությունների միջեւ կրթության որակավորման, գիտական աստիճանների եւ կոչումների երկկողմանի ճանաչման եւ համադրելիության մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Ընդ որում՝ նա նշեց, որ որոշ երկրների հետ բավականին լուրջ խնդիրներ են ծագել հայկական դիպլոմների ճանաչման հարցով: «Առաջին երկրի դեպքում պետք է ասեմ, որ այնտեղ խնդիր կար Հայաստանի բժշկական բուհերում տրված դիպլոմների հետ կապված: Մեզ մոտ այս ոլորտում մեծ խնդիրներ կան, քանի որ որոշ մասնավոր բժշկական հաստատություններ լուրջ խոչընդոտներ են ստեղծում Հայաստանում կրթական ոլորտի զարգացման համար, ինչպես նաեւ ընդհանրապես բացասաբար են ազդում հանրապետությկան կրթական համակարգի իմիջի վրա, եւ այս պահին համապատասխան աշխատանքներ են կատարվում»,- պարզաբանեց Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ իրենք ակտիվորեն համագործակցում են այլ երկրների հետ, որպեսզի արագ կերպով լուծեն եղած խնդիրները եւ երկրում գործող կրթական համակարգը մինչեւ միջազգային մակարդակի բարձրացնեն:
Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրապետությունում ժողովրդագրական լուրջ խնդրի հետ կապված՝ բուհերը բախվել են ուսանողների թափուր տեղերի հետ: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունը այս հարցը ծրագրում է լուծել այլ երկրներից ուսանողների ներգրավելու հաշվին, ինչը հայկական ուսումնական հաստատություններին հնարավորություն կտա հաղթահարել իրենց համար այս բարդ ճգնաժամային ժամանակաշրջանը:



























