Ճանապարհներին տեսահսկման սարքերի եւ ռադարների քանակության մեծացման փոխարեն, ավելի արդյունավետ կլիներ մեծացնել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների թիվը: Սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Վարորդների պաշտպանության լիգա»-ի անդամ Մխիթար Օհանյանը:
Նրա խոսքով՝ հայ վարորդները ճանապարհային երթեւեկության կանոնները չեն խախտում այնտեղ, որտեղ տեղադրված են տեսախցիկներ եւ ռադարներ, նրանք խախտումներ են կատարում այնտեղ, որտեղ դրանք չկան: Իսկ Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաները շրջում են ամբողջ քաղաքում. հնարավոր չէ իմանալ, թե կոնկրետ պահին նրանք որտեղ են: «Այդուհանդերձ, սարքերի քանակության մեծացման հարցը դեռեւս չի քննարկվում, դրանք ընդամենը լուրեր են՝ առանց որեւէ կոնկրետացման»,- նշեց Օհանյանը:
Լիգայի անդամ Վահե Պետրոսյանն իր հերթին հայտարարեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար տուգանքները չափազանց բարձր են եւ ուղղված են այն միջոցների վերադարձին, որոնք ներդրողը դրել է ճանապարհներին տեսագրանցողների տեղադրման համար: «Սա բիզնես է, նպատակը՝ փողն է, այլ ոչ թե Հայաստանի ճանապարհներին կարգի հաստատումը կամ վարորդների գրագիտության բարձրացումը»,- նշեց նա՝ շարունակելով, որ ճանապարհների գլխավոր խնդիրը վարորդների անգրագիտությունն է:
«Լավ կլիներ ճանապարհներին տեղադրված խցիկներն օգտագործել իրավախախտներին հայտնաբերելու եւ նրանց հետագա ուսուցման համար, այլ ոչ թե վարորդների գրպանները դատարկելու»,- նշեց նա:
Հարցին՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկատարեց Երեւանի ճանապարհներից կարմիր գծերը հանելու եւ տեսահսկման սարքերի ու ռադարների թիվը կրճատելու խոստումը, Լիգայի անդամները պատասխանեցին. «Որովհետեւ շատ վարորդներ մտածում էին, որ այդ դեպքում կարող են խելքներին փչած ձեւով վարել եւ անպատժելիորեն խախտել ճանապարհային երթեւեկության կանոնները»:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում նախատեսվում է ճանապարհներին տեսագրանցողների թիվը 2 հազարով մեծացնել:




























