Մի խախտեք օրենքը, հարգելի գործընկերներ: Նման խնդրանքով սեպտեմբերի 13-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում ելույթ ունեցավ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորը նշեց, որ չի հասկանում, թե ինչ է քննարկում խորհրդարանը, քանի որ ԱԺ Կանոնակարգով հետաքննության հանձնաժողովը չի կարող ստեղծվել, քանի որ դրա քննարկման առարկա չեն կարող լինել նախնական հետաքննության կամ դատական վարույթի որեւէ փուլում գտնվող հարցերը:
Հիշեցնենք՝ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել էր ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները: Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները վատթարացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:




























