Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ եւ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղավ Շենգավիթ վարչական շրջանում:

Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Զարուհի Փոստանջյանը շրջեց մետրոպոլիտենի Գարեգին Նժդեհ կայարանի հարակից տարածքներում, որտեղ աշխատող կրպակատերերը, փողոցային առեւտրով զբաղվողները եւ անցորդները ողջունում եւ հաղթանակ էին մաղթում «Երկիր Ծիրանի»-ի նախագահին:

Զարուհի Փոստանջյանը համայնքի կենտրոնական եւ հարակից փողոցներով, բակերով ու շուկաներով քայլեց եւ քաղաքացիներին ներկայացրեց կուսակցության նախընտրական Ծրագրի հիմնադրույթները, «Արդարություն եւ օրենք» կարգախոսը՝ վստահեցնելով, որ գալիս է ծառայելու Երեւանին եւ երեւանցիներին: Նա պատասխանեց բազմաթիվ քաղաքացիների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին աղբահանության, տրանսպորտի, առողջապահության, սոցիալական խնդիրներին եւ աշխատատեղերի ստեղծմանը:

Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը քարոզչական խմբի հետ եղավ «Կարմիր բլուր» հնավայրում, որտեղից ուղերձ հղվեց հանրությանը, որ քաղաքապետ ընտրվելու պարագայում Զարուհի Փոստանջյանը լիովին կօգտագործի ինչպես մյուս մշակութային օջախների, այնպես էլ «Կարմիր բլուր» հնավայրի ներուժը, որը կդառնա թե՛ գիտական ու կրթական, եւ թե՛ մշակութային ու զբոսաշրջության կենտրոն: Երեւանի քաղաքապետի թեկնածուն նշեց, որ բարձունքից տեսանելի են մեր երկու հզորությունները՝ Արարատն ու Արագածը, եւ նրանցից ստացած ուժը պետք է փոխանցենք մեր քաղաքի ապագա կառուցմանը: Ապա ցույց տալով, որ թիկունքում գտնվում է Եռաբլուրը՝ Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանում հանգստությամբ ամփոփված Զորավար Անդրանիկը եւ մեր մյուս հերոսները մեզ պարգեւեցին անկախություն եւ ազատագրված Հայաստան, սակայն առջեւում դեռ ունենք մեծ կռիվ եւ Մեծ Ազատագրում...

Զբոսաշրջության եւ մշակութային կարեւոր հանգրվան կարող է լինել նաեւ Հրազդան գետի ժայռերի ստորոտով եւ երկայնքով կառուցված Ումեշինի ջրանցքը եւ հարակից տարածքները: Ջրանցքը կառուցվել է ուրարտական Ռուսա Բ արքայի կողմից: Այն կարեւոր կենսական նշանակություն է ունեցել՝ ոռոգել է տարածքի դաշտերն ու այգիները եւ ջուր է մատակակարել Թեյշեբաինի ամրոցին: Ջրանցքն օգտագործվել է նաեւ խորհրդային տարիներին, կառուցապատումներն այժմ էլ տեսանելի են: Ջրանցքը ներկայումս բավական վատ վիճակում է, վերածվել է աղբավայրի, մինչդեռ առկա են կարեւոր լանդշաֆտ եւ քարանձավներ, որոնք կարող են պատմահնագիտական կարեւոր արժեք եւ բացահայտումներ ունենալ:

Այնուհետեւ Զարուհի Փոստանջյանը ներկայացնելով Հրազդանի կիրճի տեսարանը, որն աղբավայր է հիշեցնում, առկա են աղբի մեծ կուտակումներ՝ նշեց, որ քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս նաեւ այս աղբակույտերն է վերացնելու, իսկ բնության հրաշալի վայր հանդիսացող Հրազդանի կիրճը պետք է պահպանել, այլ ոչ՝ վայրագ կառուցապատման եւ աղտոտման միջոցով վերացնել:

Շարունակելով քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում՝ Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը եղավ Չարբախի փոս, Նորագավիթ եւ Աէրացիա թաղամասերում: Շրջելով բոլոր փողոցներով եւ բակերով՝ «Երկիր Ծիրանի»-ի նախագահը ջերմ ու անկեղծ զրույցի էր բռնվում  քաղաքացիների հետ եւ ներկայացնում իր անելիքները՝ քաղաքապետի լիազորություններ ստանձնելիս: Հատկապես կարեւորվում էր Երեւան քաղաքի բյուջեի նպատակային ծախսումը եւ բաց ու թափանցիկ կառավարման հանրային ինստիտուտի ներդնումը:

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն այցելեց նաեւ Շենգավիթ վարչական շրջանի այլ թաղամասեր եւս, որոնցում նույնպես արժանացավ բնակիչների հաղթանակի մաղթանքներին: Ընդհանուր առմամբ՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուն այսօր շուրջ 6 ժամ շրջեց Երեւանի ամենամեծ վարչական շրջան հանդիսացող Շենգավիթ համայնքում եւ զրուցեց հարյուրավոր քաղաքացիների հետ, որոնց բոլորին ներկայացվեցին եւ բաժանվեցին կուսակցության քարոզչական նյութերը:

Այսօր երեկոյան ժամը 20:00-ին Շենգավիթ վարչական շրջանի Մովսես Գորգիսյանի անվան այգում Զարուհի Փոստանջյանը հավաք-հանդիպում կանցկացնի քաղաքացիների հետ, որից հետո կցուցադրվի «Նա այլ կերպ չէր կարող. Զարուհի Փոստանջյանի ճանապարհը» ֆիլմը: