Ամենաքիչը 50 տարի հետո աշխարհի քրիստոնյաների եւ մահմեդականների հարաբերակցությունն էականորեն կփոխվի, ընդ որում, կփոխվի ի օգուտ մահմեդականների. այդ միտումն անզեն աչքով տեսանելի է նույնիսկ այսօր։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի պետական համալսարանի կրոնի պատմության տեսության ամբիոնի դոցենտ Պարգեւ Բարսեղյանը։
Նրա խոսքով, քրիստոնյաների թիվը ողջ աշխարհում այժմ կազմում է շուրջ 1,8 մլրդ մարդ, մահմեդականներինը՝ միայն 1,2 մլրդ։ «Հավասարակշռության խախտումն իր մեջ մի շարք վտանգներ է պարունակում։ Նախ, իսլամը համաշխարհային մասշտաբով ավելի ազդեցիկ գործոն կդառնա, համաշխարհային քաղաքականության մեջ առավել մեծ դեր կսկսեն խաղալ իսլամական արմատական կազմակերպությունները, բացի այդ՝ քրիստոնեությունը, որպես արժեքային համակարգ, կմղվի երկրորդական պլան։ Եթե ավելի կոնկրետ, ապա Եվրոպան այսօր արդեն կանգնած է այդ խնդրի առջեւ։ Այնտեղ քրիստոնեական արժեքային համակարգն աստիճանաբար հետին պլան է մղվում՝ ոչ միայն աշխարհիկացման, այլ նաեւ իսլամի հետեւորդների թվի կտրուկ աճի հետեւանքով»,- ասաց Բարսեղյանը։
Հարցին, թե իսլամի հզորացմանը զուգահեռ՝ հնարավո՞ր են արդյոք նոր ահաբեկչություններ, ԵՊՀ կրոնի պատմության տեսության ամբիոնի աշխատակիցն արձագանքեց. «Եթե իսլամն իր մեջ անհանդուժողականության գաղափար կրեր, ապա դժվար թե համաշխարհային կրոն դառնար։
Վերջում նա տեղեկացրեց, որ ուսումնասիրությունների համաձայն՝ առավել շատ եւ շուտ դավանափոխ են լինում քրիստանյաները, քան՝ մահմեդականները։ «Իրականում ավելի շատ քրիստոնյաներ են դառնում մահմեդական, քան՝ հակառակը։ Պատճառները մի քանիսն են, սակայն դրանցից ամենազդեցիկն այն է, որ իսլամի հետեւորդներն առավել պահանջկոտ են խառնամուսնությունների հարցում։ Եթե քրիստոնյաները հաճախ ուշադրություն չեն դարձնում՝ մահմեդական է իրենց ընտրյալը, թե՝ քրիստոնյա, ապա մուսուլմանները ամուսնության հարցում բավական հետեւողական են, եւ կրոնը համարում են ամուսնության կարեւոր նախապայման»,- բացատրեց ԵՊՀ դոցենտը։




























