Հայ Ազգային կոնգրեսին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, ելույթ ունենալով ընդդիմության կողմնակիցների բազմահազարանոց հանրահավաքում, հայտարարել է, թե հեռու չեն այն օրը, երբ հանրահավաքները կդառնան շուրջօրյա:

«Ես արդեն չեմ դիմանում, իսկապես հասել է պահը, լցվել է համբերության բաժակը, որ այս ժողովուրդն արդեն համբերելու տեղ ու ժամանակ չունի:Այս իշխանությունների հեռանալու իսկական ժամանակն է, որովհետեւ հակառակ դեպքում մենք կորցնում ենք երկիրը»,- հայտարարել է Արամ Սարգսյանը, իսկ հավաքված բազմությունը նրան պատասխանել է «Հիմա, հիմա» վանկարկումներով:
Արամ Սարգսյանը հավաստիացրել է, թե «հեռու չէ այն ժամանակը, որ մեր հանրահավաքները կդառնան շուրջօրյա»: «Հավատացնում եմ ձեզ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք մեր հավաքներով այս իշխանություններին կհեռացնենք: Եթե նայենք հետ, կարծես ժամանակ էլ չի անցել: Ընդամենը երկու տարի առաջ էր, երբ այս օրերին 10 տարի լռությունից հետո Տեր-Պետրոսյանը դուրս եկավ հասարակության առաջ եւ իրերն ու գործընթացները կոչեց իրենց անունով:

»Այս ընթացքում ոչինչ չի փոխվել",- ասել է Սարգսյանը եւ հավելել. «Այսօր կան կուսակցություններ, որոնք նստացույց ու հացադուլ են անում: Բա այն ժամանակ չէի՞ն լսում, բա էն ժամանակ ասվում էր չէ՞, որ այս իշխանությունների պարագայում երկիրը հասնելու է այս օրին: Այն ժամանակ մեղադրում էիք եւ մեր դեմ բրոշյուրներ էիք տպում: Թե՞ այն ժամանակ ձեզ ձեռնտու էր: Չէ որ այն ամենը ինչ տեղի է ունենում երկրում, ասվել է երկու տարի առաջ»:

Արամ Սարգսյանը նաեւ նկատել է, որ իշխանությունները այսօր հայտարարում են, թե 21-րդ դարում չի կարելի հարեւանների հետ վատ հարաբերություններ ունենալ, որ 21-րդ դարում չի կարելի փակ սահմաններ ունենալ, բայց ժամանակին, երբ Քոչարյանը հայտարարում էր, որ գենետիկորեն անհամատեղելի են հարեւանների հետ, բերանները ջուր առած լռում էին կամ կիսում նրա տեսակետը: «Իսկ այսօր խոսում են 21-րդ դարից: Այո, 21-րդ դարին բնորոշ չէ փակ սահմաններով ապրել, բայց 21-րդ դարին նույնչափ բնորոշ չէ քաղբանտարկյալներ ունենալ երկրի ներսում: Նույնչափ բնորոշ չէ լեզու գտնել թուրքի ու ադրբեջանցու հետ, բայց սեփական ժողովրդի հետ սեփական երկրի ներսում լեզու չգտնել: 21-րդ դարին բնորոշ չէ ազատամարտիկ Մուշեղ Սաղաթելյանի ու Սասուն Միքայելյանի նման տղաներին բանտերում պահել»,- նշել է Սարգսյանը եւ ավելացրել, որ իշխանությունները դատապարտված են պարտության, եւ «իրենց արած քայլերն իրենց դեմ են դուրս գալու»: