Ղարաբաղյան կարգավորման գործընթացում բարդ դրություն է. կարգավորման գործընթացը մտել է մի հանգրվան, որից Սերժ Սարգսյանը նահանջի կամ ետդարձի ճանապարհ չունի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ելույթ ունենալով իր կողմնակիցների հանրահավաքում՝ սեպտեմբերի 18-ին:

Նրա խոսքերով, նման եզրակացության կարելի է գալ, առաջին հերթին անշուշտ, նախագահներ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հուլիսի 10-ի աննախադեպ հայտարարությունից, որով նրանք փաստորեն ազդարարում էին իրենց անձնական ներգրավվածությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ու դրանով նշանակալիորեն բարձրացնում սեփական երկրների միջնորդական առաքելության մակարդակը։ Նման բան, սովորաբար, տեղի է ունենում հակամարտությունների կարգավորման ավարտական փուլում, ինչը նշանակում է, որ հեռու չէ նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավարտը",- ընդգծեց Տեր-Պետրոսյանը։
Ըստ նրա՝ նույնքան նշանակալի է նաեւ հայտարարության բուն բովանդակությունը, որում բացահայտված են կարգավորման հիմնական սկզբունքներից հետեւյալ վեցը.

- Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանի վերահսկողությանը.
- Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ՝ անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքների ապահովմամբ.
- Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք.
- Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանում՝ իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով.
- Բոլոր ներքին տեղահանվածների ու փախստականների՝ իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալու իրավունք.
- Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ։

«Քանի որ հայտարարությունն արվել է նախագահների մակարդակով, ապա պետք է ենթադրել, որ սրանք այն սկզբունքներն են, որոնք այլեւս բանակցելի ու փոփոխության ենթակա չեն։ Ալիեւն ու Սարգսյանը հո չեն նստի, վիճի Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հետ, ինչպես կարող էին վարվել Բրայզայի, Մերզլյակովի եւ Ֆասիեի պարագայում։ Վիճելն անիմաստ է, որովհետեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում ներգրավված երեք գերտերությունների նախագահներն արդեն կայացրել ու ազդարարել են իրենց վերջնական վճիռը։ Դատելով պաշտոնական արձագանքից, Ադրբեջանը կարծես թե վիճելու խնդիր էլ չունի, քանի որ անթաքույց ցնծությամբ է ընդունել կարգավորման առկա ծրագիրը, միաժամանակ կատարելով որոշ այլ մանրամասների բացահայտումներ, որոնցից գլխավորն այն է, որ հինգ շրջաններ վերադարձվելու են անմիջապես, իսկ Քելբաջարը եւ Լաչինը՝ հինգ–վեց տարի հետո»,- հավելել է նա։

«Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ապա պաշտոնական քարոզչամեքենան զերծ է մնում մանրամասների բացահայտումից եւ առանց որեւէ խանդավառության՝ թութակի պես շարունակ կրկնում, որ խնդրո առարկա ծրագիրը լիովին բավարարում է հայկական կողմի երեք հիմնական պահանջները՝ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատում, եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում»,- ընդգծեց նախկին նախագահը։

Ընդ որում, նրա խոսքերով, Հայաստանի իշխանությունների պնդումներից մեկի համաձայն՝ կարգավորման առկա ծրագիրը Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է ապահովում, նկատի ունենալով, անկասկած, տարածքների վերադարձից հետո Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի սահմանների երկայնքով բազմազգ խաղաղապահ ուժերի տեղակայումը:

«Թվում է, գերտերությունների նախագահների հայտարարությունը հաստատում է այս իրողությունը, քանի որ նրա 6-րդ կետում նշված է. „Անվտանգության միջազգային երաշխիքներ՝ խաղաղապահ գործողության ներառմամբ“: Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ղարաբաղյան կարգավորման գործընթացում դեռեւս 1990-ական թվականների կեսերից շրջանառության մեջ գտնվող „խաղաղապահ ուժերի տեղակայում“ հասկացությունը հանկարծ վերածվել „խաղաղապահ գործողություն“ անորոշ արտահայտության։ Արդյոք սա պատահական վրիպում կամ մանրո՞ւք է. չեմ կարծում։ Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել հետեւյալը։ Հանդիպելով բարդությունների եւ համաձայնության չգալով խաղաղապահ ուժերի ազգային կազմի ու թվաքանակի շուրջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը որոշել է շրջանցել այդ հարցը եւ ներկա պահին գտնել մի ձեւակերպում, որը կքողարկի խնդրի էությունը, իսկ ապագայում կարող է հիմք դառնալ տարբեր մեկնաբանությունների։ Չեմ բացառում, որ „խաղաղապահ գործողություն“ կոչեցյալը վերջիվերջո ավարտվի ոչ թե խաղաղապահ ուժերի, այլ մեկ-երկու հազար միջազգային դիտորդների տեղակայմամբ, ինչը, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, դժվար է Ղարաբաղի անվտանգության երաշխիք համարել։ Ի դեպ, որ բանը կարող է վերջանալ դրանով, բխում է ոչ միայն վերը բերված փաստարկներից, այլեւ կողմնակիորեն հաստատվում Մինսկի խմբի համանախագահների թափանցիկ ակնարկներով»,- հայտարարեց Տեր-Պետրոսյանը:
Նույնքան կասկածելի ու երերուն է, նրա խոսքերով, «Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապի հաստատման» մասին արվող պնդումը։ «Թեեւ Օբամայի, Մեդվեդեւի եւ Սարկոզիի հայտարարության մեջ ամրագրված է „Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքի“ ստեղծման գաղափարը, սակայն հայտնի չէ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ միջանցքը։ Մասնավորապես, պարզ չեն հետեւյալ հարցերը. ե՞րբ է որոշվելու միջանցքի կարգավիճակը; ի՞նչ լայնություն է ունենալու այն; եւ վերջապես, ո՞ւմ վերահսկողության տակ է գտնվելու նրա տարածքը։ Հինգ շրջանների վերադարձի դիմաց հայկական կողմը պետք է ստանար գոնե տվյալ հարցերի սպառիչ պատասխանը։ Կամ ավելին՝ միջանցքի կարգավիճակի հարցը ոչ թե պետք է թողնվեր ապագային, այլ լուծվեր կարգավորման ներկա փուլում»,- կարծում է նա։

Եւս մի մտավախության տեղիք է տալիս այն, որ եթե միջանցքի հարցը չկապակցվի տարածքների վերադարձի հետ եւ նրա կարգավիճակն այս փուլում չսահմանվի, ապա Ադրբեջանը, օգտագործելով Լաչինի եւ Մեղրու շրջանների փոխանակման վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի տխրահռչակ առաջարկի նախադեպը, մի օր կվերարծարծի դեպի Նախիջեւան համարժեք միջանցքի տրամադրման կամ ազատ տրանզիտային ճանապարհի ապահովման պահանջը:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների երրորդ պնդմանը, ըստ որի, կարգավորման քննարկվող ծրագիրը «Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործում» է նախատեսում կամ պաշտոնական քարոզչության մի այլ ձեւակերպմամբ՝ այդ ծրագրում «Ղարաբաղը ճանաչվում է որպես ինքնորոշման իրավունքի սուբյեկտ», ապա Տեր-Պետրոսյանը տարակուսանք հայտնեց, որ եթե խոսքը իսկապես գնում է հանրաքվեի մասին, ինուչ այդ բառի փոխարեն հայտարարության տեքստում օգտագործվում է «ժողովրդի կամարտահայտություն» արտահայտությունը: «Ըստ այդմ, ակնհայտ է, որ ամեն ինչ արվել է „հանրաքվե“ բառից խուսափելու համար։ Ինչո՞ւ»,- հարցնում է նա:

Ըստ Տեր-Պետրոսյանի՝ համանախագահները ստիպված են փոխել «հանրաքվե» բառը անորոշ «կամարտահայտություն» ձեւակերպմամբ, որ հակամարտության կողմերին հնարավորություն է տալիս այն մեկնաբանել ու իրենց հասարակություններին մատուցել սեփական հայեցողությամբ:

Բայց եթե նույնիսկ խոսքը գնում է հանրաքվեի մասին, Տեր-Պետրոսյանը հետեւյալ հարցերն է դնում. «Ո՞վ է կազմակերպելու հանրաքվեն՝ ՄԱ՞Կ-ը, ԵԱ՞ՀԿ-ը, Ադրբեջա՞նը, թե՞ Ղարաբաղը: Ե՞րբ է տեղի ունենալու հանրաքվեն։ Ո՞ր տարածքում է անցկացվելու հանրաքվեն: Ովքե՞ր են մասնակցելու հանրաքվեին: Ինչպե՞ս է ձեւակերպվելու հանրաքվեի դրված հարցը: Ինչպիսի՞ իրավական հետեւանքներ է ունենալու հանրաքվեն։ Որքան էլ տհաճ, անհնար է չնկատել, որ նորացված Մադրիդյան առաջարկներում ո՛չ այս հարցերն են հստակեցված, ո՛չ իսկ „հանրաքվե“ բառն է օգտագործված»։

Այսպիսով, նրա խոսքերով, Հայաստանի պաշտոնական քարոզչության երեք հիմնական պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը. կարգավորման ներկա ծրագիրը ո՛չ Ղարաբաղի անվտանգության միջազգային երաշխիքներ է պարունակում, ո՛չ Հայաստանի ու Ղարաբաղի միջեւ ցամաքային կապ ապահովում, ո՛չ էլ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրագործման հնարավորություն նախատեսում։ «Այս էական տարրերի բացակայությունը նշանակում է, որ սկզբնապես որպես կարգավորման փաթեթային տարբերակ մտահղացված Մադրիդյան առաջարկը վերածվել է զուտ փուլային տարբերակի։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները, երկար դեգերումներից ու խարխափումներից հետո, վերադարձել են տասը տարի առաջ իրենց կողմից կտրականապես մերժված եւ պարտվողական համարված տարբերակին, ինչը խոստովանելու քաջություն նրանք, բնականաբար, չունեն»,- ընդգծել է առաջին նախագահը։