Կանադան կարող է լուծել Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հակամարտությունը, սակայն պետք է առաջինը ներողություն խնդրի: ՏԱՍՍ-ը վկայակոչելով The Wall Street Journal-ին հաղորդում է, որ Նյու Յորքում Միացյալ Նահանգների արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ այս դիրքորոշումն արտահայտել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավարը վրդովմունք է հայտնել, որ Օտտավան այս դեպքում Ռիադի հետ որպես երրորդ կարգի պետության նման է վարվել: «Մենք ի՞նչ է՝ բանանային հանրապետությու՞ն ենք: Միթե որեւէ պետություն կհանդուրժի՞ դա (վերաբերմունքը)», - հռետորական հարց է հնչեցրել Ալ-Ջուբեյրը: «Ուղղեք այդ, դուք պետք է ներողություն խնդրեք մեզանից», - ասել է նա՝ դիմելով հիպոթետիկ հակառակորդին:
«Դուք կարող եք ցանկացած պահի մեզ հետ քննարկել մարդու իրավունքները», - շարունակել է նախարարը: Ներողություն խնդրեք: Ասացեք, որ սխալվել եք », - ասել է նա:
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդն ասել է, որ հույս ունի հանդիպել Ալ-Ջուբեյրի հետ` նիստի շրջանակներում դիվանագիտական հակամարտությունը քննարկելու նպատակով:
Օգոստոսի 3-ին Կանադայի ԱԳՆ-ն մտահոգություն էր հայտնել Սաուդյան Արաբիայում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալման կապակցությամբ եւ պահանջել նրանց անհապաղ ազատ արձակել: Ի պատասխան, Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն ասել էր, որ այս դիրքորոշումը «բաց միջամտություն է թագավորության ներքին գործերին եւ հակասում է միջազգային իրավունքի հիմքերին»:
Ռիադը խորհրդատվությունների համար հետ էր կանչել իր դեսպանին, Կանադայի դիվանագիտական առաքելության ղեկավարին անցանկալի անձ հայտարարել եւ Օտտավայի հետ նոր առեւտրային եւ ֆինանսական գործառնությունների կասեցման մասին հայտնել: Սաուդյան գերատեսչությունը դեսպանին մեկ օր էր տվել երկրից հեռանալու համար:
Ավելի ուշ Սաուդյան Արաբիան հայտարարել էր Կանադայում բժշկական օգնություն տրամադրելու ծրագրերի դադարեցման, համատեղ կրթական ծրագրերի վերացման եւ Կանադայից հացահատիկի ներմուծման կասեցման մասին:




























