Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի որոշմամբ, վերաբաշխում կատարեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի օրենքի մի շարք հավելվածներում, որը թույլ կտա բարելավել «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների եւ կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանները:
Որոշման հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ փոփոխությունը կատարվում է ՔԿՀ-ների արտաքին եւ ներքին ջրամատակարարման, ջրահեռացման ցանցերի կառուցման եւ կապիտալ վերանորոգման, ինչպես նաեւ քրեակատարողական համակարգն արդի տեխնիկական պահանջներին համապատասխան նոր սերնդի համակարգիչներով համալրման եւ ապահովման անհրաժեշտությամբ:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նկատեց, որ իսկապես քրեակատարողական հյիմնարկներում ջրահեռացման համակարգերում կատաստրոֆիկ վիճակ է:
Նշենք, որ ՀՀ պետական բյուջեից քրեակատարողական համակարգի պահպանման համար վերջին 10 տարիների ընթացքում կառուցման եւ կապիտալ վերանորոգման նպատակով հատկացվող միջոցների բացակայության պատճառով` նշված քրեակատարողական հիմնարկներում ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերում վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, կոյուղագծերը գտնվում են վթարային վիճակում եւ ամառային ամիսներին վթարվելու դեպքում կարող են հակասանիտարական եւ համաճարակային իրավիճակներ առաջացնել:
Այս նպատակի համար քրեակատարողական վարչությունը ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի համաձայն կատարած խոշորացված հաշվարկներով նախատեսում է հատկացնել 217,640.0 հազար դրամ, որոնց իրականացման համար նախապես անհրաժեշտ է կազմել նախագծանախահաշվային փաստաթղթեր, որի համար էլ կպահանջվի 14,146.6 հազար դրամ գումար:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն առարկեց՝ ասելով, որ օրինակ ոստիկանությունը նույն տեսակի համակարգիչներն ու տպիչները զգալիորեն ավելի ցածր գնով է ձեռք բերել, քան այս նախագծում է: Մասնավորապես, համակարգիչը 290 հազար դրամի փոխարեն եղել է 234 հազար դրամ, ընդ որում պայմանագիրն էլ կնքվել է էլ ավելի ցածր գնով՝ 225 հազար դրամով:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ այդ հարցը քննարկվել է նաեւ նախարարների կոմիտեում եւ որոշվել է, որ գները մնա նույնը:
Ի վերջո նախագիծը հաստատվեց պայմանով, որ մեկ օրվա ընթացքում արդարադատության եւ ֆինանսների նախարարությունները կգան ընդհանուր հայտարարի գների հետ կապված:




























