Հաշվի առնելով Հարավային Կովկասում գոյություն ունեցող հակամարտությունները՝ «նույնիսկ փոքր միջադեպը կարող է հանգեցնել անվերահսկելի գործընթացների՝ հաջորդող ծանր հետեւանքներով»: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում, փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»:
Նրա խոսքով՝ այս իրավիճակում չափազանց կարեւոր է «միջազգային հանրության հաստատուն աջակցությունը ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
«Միջազգային հանրությունը պետք է միասնական լինի, պետք է ակտիվորեն աջակցի պետությունների հավասարությանը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, քանի որ միջազգային իրավունքի եւ մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար նորմերի պահպանումը ամբողջ աշխարհում խաղաղության ու անվտանգության ապահովման միակ եղանակն է»,- հավելել է նա:
Վրաստանի վարչապետը ՄԱԿ ամբիոնից Ռուսաստանին մեղադրել է միջազգային պարտավորությունները, ներառյալ 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը չկատարելու համար:
«Մեր կողմից մենք այդ համաձայնագիրն ամբողջությամբ կատարել ենք: Դրանից բացի, մենք կատարում ենք ուժի չկիրառման իրավականորեն պարտադիր համաձայնագիրը: Սա հաստատում է այս հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման մեր քաղաքականության անշրջելիությունը: Հենց այս պատճառով ես Ռուսաստանի Դաշնությանը կոչ եմ անում կատարել ստորագրած միջազգային պարտավորությունները եւ Վրաստանի տարածքից հանել օկուպացիոն ուժերը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը:




























