Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Թեհրանում «գաղտնի միջուկային ձեռնարկության» գոյության մասին, «ստորգետնյա, աննկատելի նրբանցքում»: Այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` պնդելով, որ «զգալով, որ իրենց հետեւում են,  իրանցի մասնագետները այնտեղից քիչ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր են դուրս հանում եւ  թաքցնում  Թեհրանում տարբեր վայրերում», հաղորդում է Իսրայելի Իններորդ ալիքը:

«Անցած ամիս միայն նրանք  50 կիլոգրամ ռադիոակտիվ տարրեր են դուրս հանել: Ընդհանուր առմամբ, այնտեղ կա 15 ցիստեռն՝ յուրաքանչյուրը 20 տոննա, այսինքն` այնտեղ 300 տոննա նյութեր են եղել եւ սարքավորումներ, որոնք կապված են միջուկային ծրագրի հետ»:

Նեթանյահուն դահլիճում նստած ԱԷՄԳ-ի նախագահին կոչ է արել զբաղվել այդ խնդրով: «Ես հավատում եմ, որ դուք լավ մարդ եք, ով ցանկանում է ճիշտը վարվել: Անմիջապես ստուգեք այդ օբյեկտը», - ասել է Իսրայելի վարչապետը:

Նրա խոսքով, Իրանը «երբեք չի ցանկացել հրաժարվել միջուկային զենքի մշակումից: Մի քանի տարի անց նրան անհրաժեշտ կլինեն այդ օբյեկտները, երբ միջուկային ռումբի ժամանակը գա: Բայց վստահ եղեք, դա տեղի չի ունենա: Իսրայելը կգտնի այն ամենը, ինչ Իրանը փորձում է թաքցնել»: