Ժամը 21.40-ին ավարտվեց ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի կողմնակիցների երթը Երեւանի փողոցներով: Վանկարկելով Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը եւ «Լեւոն-նախագահ»՝ ընդդիմադիրները անցան Մաշտոցի պողոտայով, Ամիրյան, Նալբանդյան, Թումանյան փողոցներով եւ երթն ավարտեցին Հյուսիսային պողոտայում:

Անցնելով Հանրապետության հրապարակով, ցուցարարների զգալի մասը սկսեց սուլել ՀՅԴաշնակցության փոքրամարդ բողոքի գործողությանը: Միեւնույն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոչ քիչ կողմնակիցներ, հասնելով ՀՅԴ հացադուլի մի քանի տասնյակ մասնակիցներին, վանկարկեցին միայն «Լեւոն-նախագահ», նաեւ «Միացում»՝ կոչ անելով միանալ երկրի ղեկավարի հրաժարականի պահանջին:

Հարկ է նշել, որ այսօր առաջին անգամ վերջին մեկ տարվա ընթացքում ոստիկանությունը չէր ուղեկցում ընդդիմադիրների երթը Մաշտոցի պողոտայով եւ հնարավորինս փորձում էր խուսափել ցուցարարների հետ շփումից: Վերջիններս առանց զգուշացումների էլ չէին հատում հոծ գիծը՝ երթեւեկությունը մասամբ ազատ թողնելով: