Վրաստանից Հայաստան մուտք գործող ամեն մեքենա, որը չունի պարտադիր ապահովագրություն, տուգանվում է 50 հազար դրամով, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել վրացահայերի շրջանում:

Ինչպես գրում է վրացական «Սամխրեթիս Կարիբջե» թերթը, Հայաստանի տարածք մուտք գործող յուրաքանչյուր մեքենայի ապահովագրումը պարտադիր է, անկախ նրանից, թե տվյալ մեքենան, որտեղ է գրանցված. Նշանակություն չունի, թե մարդը քանի օրով է գնում Հայաստան, նույնիսկ երեք ժամվա համար պետք է մեքենան ապահովագրի:

Ախալքալաքցի տաքսու վարորդները , ովքեր գումար էին վաստակում Ախալքալաք-Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնելով,  ստիպված հրաժարվել են իրենց աշխատանքից:

«Հինգ ամսվա ընթացքում պետք է վճարեմ 20 հազար դրամ, իսկ դա ինձ ձեռնտու չէ: Ապահովագրության արժեքը տարբեր մեքենաների համար տարբեր է: Հիմա արդեն փորձում եմ փող վաստակել Ախալքալաքի գյուղերում: Ինչ վերաբերում է Հայաստանին, այլեւս հույս չունեմ գործս շարունակելու: Այդ օրենքը ժողովրդական լեզվով «խփեց մեր գրպաններին»,-ասում է Ախալքալաքի կանգառներից մեկի տաքսու վարորդը, ով չցանկացավ ներկայանալ:

Մեքենաների ապահովագրման պարտադրանքը նվազեցրել է շարժը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ: Ախալքալաքցիները խուսափում են սեփական մեքենաներով Հայաստան ժամանելուց:

«Տաքսու վարորդ չեմ, ուղղակի ուզում էի այցելել Հայաստանում բնակվող իմ բարեկամներին: Իմ մեքենայի երեք ամսվա ապահովագրության համար վճարել եմ 10,600 դրամ: Գիտեմ, որ այդ երեք ամսվա ընթացքում Հայաստան շատ քիչ եմ գնալու, իսկ երեք ամսից հետո ստիպված կլինեմ մեքենաս նորից ապահովագրել»,-ասում է Ախալքալաքի գյուղերից մեկի բնակիչներից մեկը:

«Թեեւ Հայաստանը եւ Վրաստանը փորձում են հեշտացնել հայ-վրացական սահմանային խնդիրները, սակայն, ինչպես փաստն այն է, որ սահմանը հատելու գործընթացն ավելի է բարդանում ու թանկանում»,- գրում է թերթը: