Կատալոնիայի անկախության շուրջ 400 կողմնակիցներ երկուշաբթի առավոտյան Ժիրոնա քաղաքի երկաթուղային կայարանում փակել են ճանապարհները։ La Vanguardia պարբերականի փոխանցմամբ՝ ցույցը նվիրված է Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի մեկամյակին, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Հանրահավաքի կազմակերպիչներն են, այսպես կոչված, հանրապետության պաշտպանության կոմիտեները, որոնք պայքարում են ինքնավարության անկախության հռչակման համար: Ցուցարարների գործողությունների հետեւանքով ժամանակավորապես դադարեցվել է ճեպընթաց գնացքների երթեւեկությունը: Կարգի պահապանները (Մոսսոս դ՛Էսկվադրա) սահմանափակում են կայարանին այն անձանց հասանելիությունը, որոնք ժամանում են ցույցին աջակցելու նպատակով:
Դրանից բացի, Իսպանիայից անջատվելու կողմնակիցները Բարսելոնում եւ այլ բնակավայրերում արդեն մի քանի կենտրոնական փողոցներ են փակել: Ամբողջ Կատալոնիայում օրվա ընթացքում կանցկացվեն հանրաքվեի մեկամյակին նվիրված բազմամարդ հանրահավաքներ ու ցույցեր: Սպասվում է, որ ամենախոշորը լինելու է Բարսելոնում անցկացվող ցույցը: Ենթադրվում է, որ երթը կսկսվի տեղական ժամանակով 18:30-ին, Պլասա դե Կատալունիա կենտրոնական հրապարակից եւ կավարտվի շրջանի խորհրդարանի շենքի մոտ:
2017 թվականի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել էր Իսպանիայի կազմից դուրս գալու հարցով հանրաքվե, որին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 5,31 մլն կատալոնացիներից 2,28 մլն-ը: Ընդ որում՝ հանրաքվեի մասնակիցների 90,18 տոկոսը քվեարկել է անկախության օգտին: Մադրիդն ի սկզբանե հանրաքվեն ապօրինի է համարել:
Հոկտեմբերի 27-ին շրջանի խորհրդարանը հաստատել է անկախ հանրապետության հռչակման բանաձեւը: Ի պատասխան՝ Սենատը (երկրի խորհրդարանի վերին պալատը) հավանություն է տվել կառավարության խնդրանքին՝ թագավորության սահմանադրության 155-րդ հոդվածը գործողության մեջ դնելու մասին, որը նախկինում երբեք չի կիրառվել եւ թույլ է տվել շրջանի ինքնակառավարումը սահմանափակել:




























