Ամերիկացի ծովահետեւակայինները թեստավորում են եւ պատրաստվում իրենց մարտիկներին հանդերձավորել հատուկ կամուֆլյաժային ցանցերով, որոնք նրանց թույլ կտան  թշնամական անօդաչուներից թաքնվել: Այս մասին հայտնում է Military.com մասնագիտացված պորտալը:

Նոր կամուֆլյաժը կոչվում է «Բարրաքուդա» (Barracuda Individual Warfighter Net): Այն պատրաստված է նույն նյութից, որից պատրաստվում են  զինվորական փոխադրամիջոցների եւ հրամանատարական կետերի կամուֆլյաժային ծածկույթները: «Հաշվի առնելով աճող սպառնալիքը եւ մարտի դաշտում դրոնների ավելի հաճախակի կիրառումը, երբ ցանկացածը կարող է անօդաչու ձեռք բերել եւ կառավարել բջջային հեռախոսի միջոցով, կարեւոր է, որ նույնիսկ յուրաքանչյուր առանձին զինվորը կարողանա թաքնվել: Եվ մենք կօգնենք դա անել»,- պարբերականին հայտնել է Saab Defense and Security-ի զարգացման հարցերով տնօրեն Սթիվ Սիմերերը:

Պարբերականը հայտնում է, որ կամուֆլյաժը կշռում է 2,7 կգ, ունի գլխադիր եւ ամերկիկացի ծովահետեւակայիններին հասանելի կլինի տարբեր գուներանգներով՝ կախված գործողության անցկացման վայրից: Սիմերերը նշել է, որ անօդաչուի հայտնաբերման վայրում գտնվելիս ծովային հետեւակայինը կարող է իր վրա գցել ցանցը, եւ անօդաչուն կթռչի նրա կողքից, որից հետո նա կարող է շարունակել իր առաջադրանքի կատարումը:

Նա պարզաբանել է, որ կամուֆլյաժի այս տեսակը կարող է օգտակար լինել Եվրոպայում եւ Կորեական թերակղզու շրջանում գործողություններ անցկացնելիս: Ըստ նրա՝ եթե վերջին 15 տարիներին գործողություններ են իրականացվել առավելապես Աֆղանստանում ու Իրաքում, Մերձավոր Արեւելքում, ապա հիմա շատ են պատճառները Եվրոպա ու Կորեա վերադառնալու համար, որտեղ նաեւ համագործակցություն է իրականացվում երկկողմ զորավարժությունների շրջանակում: