Բնապահպանության նախկին նախարար, այժմ տնտեսական հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը թերթի հետ զրույցում հերքել է WikiLeaks-ում հրապարակված տեղեկատվությունը, որ նա կաշառք է պահանջել Global Gold Corporation-ից ոսկու հանքերի մշակման արտոնագիր ստանալու համար:

WikiLeaks-ը օրեր առաջ հրապարակել էր 2005-2007 թթ. Հայաստանում ԱՄՆ դեսպանության Էնդրյու Գոդֆիրի դիվանագիտական հաղորդումները, որտեղ նա նկարագրում է այն դժվարությունները, որոնց բախվել է Հայաստանում Global Gold Corporation (GGC) ոսկի արդյունահանող միջազգային ընկերությունը: Համաձայն հրապարակված տեղեկության, GGC-ից մեծ կաշառք են ուզել հանքերի մշակման արտոնագիր տրամադրելու համար:

«Գիտեմ այդ հրապարակման մասին: Նախ` տեղեկատվությունը մասնակի է, երկրորդ` տվյալ հարցով ես դեռեւս մի քանի տարի առաջ բազմիցս ներկայացրել եմ իմ դիրքորոշումը: WikiLeaks-ի հրապարակումները պարզապես հիմարություն են: Դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ես որեւէ մեկից կաշառք չեմ վերցրել»,- ասաց նա: Այվազյանի մեկնաբանությամբ` ընդերքը պետական սեփականություն է: Բնապահպանության նախարարը միայն վերահսկում է իրավիճակը:

…Այվազյանի փոխանցմամբ, WikiLeaks-ը հրապարակում է դեսպանների` ԱՄՆ պետդեպարտամենտին հասցեագրված նամակները, սակայն իր վերաբերյալ տեղեկատվությունը կիսատ է հրապարակվել: «Չի նշվել նամակի այն մասը, որտեղ ասվում է, որ կաշառքի մասին տեղեկատվություն տարածած անձը վստահություն չի ներշնչում: Բացի դրանից` ինչո՞ւ ես պետք է ուրիշի համար կաշառք ուզեի, ուզելուց լինեի, ինձ համար կուզեի: Դա աբսուրդ է եւ իրականությանը չի համապատասխանում»,- նշել է պատգամավորը: