Ռուսաստանը պետք է դադարեցնի «արգելված թեւավոր հրթիռային համակարգերի մշակումը», այլապես Վաշինգթոնը կփորձի ոչնչացնել դրանք մինչեւ գործարկումը։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Բեյլի Հաթչիսոնը՝ տեղեկացնում է Reuters-ը։
ԱՄՆ-ը կարծում է, որ Ռուսաստանը, խախտելով Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, ստեղծում է վերգետնյա հրթիռային համակարգեր, ինչը նրան հնարավորություն կտա արագ միջուկային հարված հասցնել Եվրոպային։ Ռուսաստանն այդ մեղադրանքները հերքում է։
Հաթչիսոնն ասել է, որ ԱՄՆ-ը խնդրի կարգավորման դիվանագիտական ճանապարհի կողմնակից է, սակայն կարող է դիտարկել ռազմական հարվածի հնարավորությունը, եթե Ռուսաստանը շարունակի միջին հեռահարության հրթիռների ստեղծման աշխատանքները։
ՌԴ ԱԳՆ-ը մեկնաբանություններ չի արել։ Ավելի վաղ նախարարությունը հայտնել էր, որ պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին, որպեսզի փորձի պահպանել պայմանագրի դրույթները, եւ կկատարի իր պարտավորությունները, եթե Վաշինգթոնն էլ իրենը կատարի։




























