Օքսֆորդի համալսարանից հետազոտողները պարզել են, որ չորսօրյա աշխատանքային շաբաթը կարող է մարդկանց ավելի երջանիկ դարձնել եւ արդյունավետությունը մեծացնել: Նման ռեժիմն աշխատողներին հնարավորություն է տալիս ավելի քիչ ժամանակ հատկացնել պրոկրաստինացիայի վրա, ուստի նրանք հասցնում են ավելի շատ անհրաժեշտ գործ անել, հայտնում է Daily Mail-ը:

Նոր հետազոտության համաձայն, որն անցկացրել է Saïd Business School-ը, չորսօրյա աշխատանքային շաբաթը բարձրացնում է արտադրողականությունը եւ աշխատողների կենսամակարդակը:

Հետազոտությունը տեւել է կես տարի, մասնակցել է քոլ-կենտրոնների 5 հազար աշխատակից: Պարզվել է, որ շաբաթական 3 օր հանգստացողներն ավելի դրական մարդիկ էին, ավելի շատ զանգեր են կատարել, իսկ զանգերի որակն էլ ավելի բարձր է եղել, հայտնում է The Telegraph-ը:

Գիտնականների կարծիքով՝ եռօրյա հանգիստը մարդկանց թույլ է տալիս հավասարակշռություն ստեղծել աշխատանքի եւ անձնական կյանքի միջեւ: Արդյունքում՝ մարդիկ դադարում են ժամանակ վատնել ամեն ինչ միանգամից հասցնելու վրա եւ ավելի արդյունավետ են աշխատում: Վերջին հաշվով, դա լիովին փոխհատուցում է ավելի կարճ աշխատանքային շաբաթվա հետեւանքով արտադրողականության հնարավոր նվազումը: