Փարիզի վճռաբեկ դատարանը մերժել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի միջնորդությունն այն մասին, որ հետաքննության վրա ճնշում գործադրելու փորձերի վերաբերյալ իր գործը չուղարկվի դատարան՝ տեղեկացնում է Figaro թերթը։
Սարկոզին, ինչպես նշում է պարբերականը, կասկածվում է կաշառք տալու փորձերի եւ ծառայողական գաղտնիքը չպահպանելու մեջ։ Անցյալ տարի նման մեղադրանքներ էին ներկայացվել նաեւ նրա փաստաբան Տյերի Էրզոգին եւ գերագույն դատախազ Ժիլբեր Ազիբերին, ով այժմ թոշակառու է։
Քննիչները կարծում են, որ 2014թ․ Սարկոզին Էրզոգի միջոցով փորձել է Ազիբերից փակ ծառայողական տեղեկատվություն իմանալ։ Նրանց կարծիքով՝ նախկին նախագահը ցանկացել է հետ ստանալ հետաքննության ընթացքում բռնագրավված փաստաթղթերը, որոնք վկայում էին, որ 2007թ․ իր նախընտրական քարոզարշավում անօրինական օգտագործվել են L'Oreal-ի համասեփականատեր Լիլիան Բետանկուրի դրամական միջոցները։




























