Մարմարիսի ոսկերչական զարդերի խանութում Իռլանդիայից ճանապարհորդի կողմից կուլ տրված 35 հազար եվրո արժողությամբ ադամանդե մատանին վերադարձվել է տիրոջը, հայտնում է The Sun-ը:

54-ամյա զբոսաշրջիկը խանութ է մտել այն ժամանակ, երբ այնտեղ միայն մի աշխատող կար, խնդրել է նայել զարդը, այնուհետեւ այն կուլ է տվել:

Ոստիկանությունում նա հերքել է իր մեղքը, սակայն տեսահսկման սարքերի նկարահանումը դիտելուց հետո նրան կալանավորել են: Հիվանդանոցում անցկացված հետազոտությամբ պարզվել է, որ մատանին տղամարդու մարմնի մեջ է:

Ոստիկանությունը սպասել է, որ զարդը բնական ճանապարհով դուրս գա, սակայն լրատվամիջոցների պնդմամբ՝ տղամարդուն, այնուամենայնիվ, վիրահատել են:

Նա իր տարօրինակ արարքը պատճառաբանել է նրանով, որ Իռլանդիայում ճանապարհային պատահարի հետեւանքով կնոջը կորցրել է, մեքենան ընկել էր լիճը, եւ նրա ադամանդե մատանին այդպես էլ չէին գտել: «Այդ միջադեպն ինձ մոտ մոլություն է առաջացրել ադամանդե մատանիների հանդեպ,- պատմել է իռլանդացին: - Ամեն անգամ երբ այդպիսի զարդեր եմ տեսնում, հիշում եմ կնոջս»: Նա խոստովանել է, որ այդ պահերին զարդը վերցնելու մեծ ցանկություն է ունենում: