Թերթը զրուցել է Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի հետ:
Որքանո՞վ է հավանական, որ խորհրդարանական ընտրություններին կոալիցիան ներկայանա միասնական ընտրացուցակով:
Դա կորոշվի ընտրությունների նախօրեին` նախընտրական քարոզչության փուլից անմիջապես առաջ եւ պայմանավորված կլինի քաղաքական իրավիճակով: Հանրապետականը սկզբունքորեն կարծում է, որ նպատակահարմար է, որ կոալիցիոն կուսակցությունները առանձին մասնակցեն խորհրդարանական ընտրություններին:
Միաժամանակ չեմ բացառում, որ այնպիսի քաղաքական իրավիճակ առաջանա, որի պայմաններում պետության համար անհրաժեշտ լինի միասնական ընտրացուցակով ներկայանալ: Նման անհրաժեշտություն առաջացավ 1998 թվականին, եւ ձեւավորվեց «Միասնություն» դաշինքը: Եթե քաղաքական ուժերը արհեստածին չեն եւ առաջնորդվում են ժողովրդի շահերով, ապա ընտրությունների ժամանակ պետք է առաջնորդվեն քաղաքական հրամայականներով:
Հավանակա՞ն է, որ ԲՀԿ-ն առաջիկա օրերին հայտարարի կոալիցիայից դուրս գալու մասին:
Լրատվամիջոցները ամեն օր սպասումներ են առաջացնում, թե Գագիկ Ծառուկյանը ինչ-որ հայտարարություն է անելու: Առաջիկայում ես ոչ մի վատ բան չեմ սպասում: Ոչ էլ կարծում եմ, թե այնպիսի մոտեցումներ կլինեն, որոնք կհագեցնեն սենսացիաների կարոտ լրատվամիջոցների ու հասարակության խմբերի ախորժակը կամ հնարավորություն կտան սնվել դրանից:





























