Հարյուրավոր երիտասարդներ այս րոպեին ուղղություն են վերցրել դեպի Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի նստավայր:

Չնայած խորը գիշերվան եւ պարետային ժամին, մարդիկ դրոշներով կտրելով Կահիրեի կեսը, շարժվում են Մասր ալ-Գադիդա թաղամաս, որտեղ գտնվում է բանակի կողմից հսկվող նախագահական «Էլ-Ուրուբա» պալատը:

Հենց այդտեղից է Մուբարաքը երեկ գիշերը դիմել ժողովրդին, որը կատաղեցրել են ժողովրդին ու ընդդիմությանը: 

Նախագահի ելույթի ժամանակ Թահրիրի հրապարակը լեփ լեցուն է եղել, որտեղից ցուցարարները Մուբարաքի ելույթը դիտել են հատուկ տեղադրված մոնիտորների օգնությամբ: Ելույթից անմիջապես հետո հոծ զանգվածները շարժվել են դեպի նախագահական պալատ, հաղորդում է «Ռոսիա-24»-ը:

Երթի ընթացքում ցուցարարներին էին միանում նոր մարդիկ եւ վերջին տվյալներով, երթի մասնակից երիտասարդների թիվը անցնում է արդեն 2 հազարից: Հարյուրավոր երիտասարդներ պատրաստակամ են գիշերն անցկացնել նախագահական պալատի դիմաց: Նրանք համոզված են, որ այսօր իրենց պահանջն անպայման կատարվելու է:

Բացի այդ, տասնյակ մարդիկ արդեն շրջափակել են Թահրիրի հրապարակից ոչ հեռու գտնվող հեռուստակենտրոնը: Տեղեկություն է հայտնվել, որ զինվորական հրամանատարությունը մոտակա ժամերին հանդես կգա նոր հայտարարությամբ: Տեղի փորձագետների կարծիքով, դրանում զինվորականները պետք է հայտարարեն իշխանությունների կողմից ընդդիմությանը տրված խոստումների կյանքի կոչման երաշխիքների մասին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ազգին ուղղված Մուբարաքի դիմումում, որը ցուցադրվել է ուղիղ եթերում, նա ասել է, որ «նպատակահարմար է համարում իր լիազորությունների մի մասը Սահմանադրության համաձայն փոխանցել փոխնախագահ Սուլեյմանին»: Միաժամանակ, Մուբարաքը մնում է երկրի նախագահ մինչեւ այս տարվա սեպտեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ զանգվածային հուզումները Եգիպտոսում սկսվել են հունվարի 25-ից: Ցուցարարները պահանջում են Մուբարաքի հրաժարականը: Զանգվծային հուզումների հետեւանքով զոհվել է շուրջ 00 մարդ: