Ներկայումս շարունակվում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ինտենսիվ խորհրդակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցիչ Անվար Ազիմովը` Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Նման հանդիպումների հաճախակիությունը վկայում է այդ ձեւաչափով տարվող ախատանքի լրջության եւ կողմերի` գործնական արդյունքների հասնելու տրամադրության մասին: Այդկերպ նոր հիմք է ստեղծվում մեր երկրների նախագահների նոր գագաթաժողովի անցկացման համար»- ասել է Ազիմովը:
Նրա խոսքով, նման քննարկումը, «ինչպես Ռուսաստան-ԵՄ երկխոսության, այնպես էլ ԵԱՀԿ շրջանակներում, կօգնի մոտեցնել բարդ հակամարտությունների կարգավորումը եւ նպաստել համապատասխան համաձայնությունների ձեռքբերմանը»:
Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 25-ին կայացել է ղարաբաղյան հակամարտության ուղղությամբ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը:



























