Բագրեւանդ փողոցում` Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական շենքի դիմաց, այսօր` փետրվարի 11-ին, ժամը 8:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իրար են բախվել Mitsubishi մակնիշի 14 ՏՏ 952 համարանիշի  եւ «ԳԱԶ-3102» մակնիշի 470 ԼՕ 02 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ վթարի վայր կժամանեին Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, «ԳԱԶ-3102»-ի վրայից հանեցին համարանիշները: Դեպքի վայրում ականատեսները պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածներից մեկը ՊՆ աշխատակից է, գնդապետ:

Վթարի վայրից Երեւանի օրթեպեդիայի եւ վնասվածքաբանության հիվանդանոց է տեղափոխվել Գեւորգ Դանիելյանը, իսկ ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 47-ամյա գնդապետ Սասուն Հունանյանը:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Լյովա Կարապետյանը:

Վթարի վայրի տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո նա մեկնեց հիվանդանոց: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները պետք է տեղափոխվեն ՃՈ տուգանային հրապարակ:

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի